Լիսաբոնի հինգ մարտիկներին նվիրված ֆուտբոլի մրցաշար Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Սկաուտական միավորի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ և համագործակցությամբ միավորի կազմակերպիչ և միության Ֆուտբոլի հանձնախմբերի, հուլիսի 27-ին միության մարզասրահում տեղի ունեցավ ֆուտբոլի մրցաշարի հանդիսավոր բացում` նվիրված հինգ անձնազոհ մարտիկներ` Սեդրակ Աճեմյանի, Վաչե Դաղլյանի, Արա Քերջլյանի, Սիմոն Յահընյանի և Սարգիս Աբրահամյանի անձնազոհական ակտի 35-ամյակին: Երեկոն սկիզբ առավ դրոշակի արարողությամբ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Լիսաբոնի հինգ մարտիկների հիշատակը:

Ներկաներին ողջունեցին և բացման խոսքով հանդես եկան միջոցառման հանդիսավարներ Տաթևիկ Տեր-Մարտիրոսյանը և Արթուր Քամարզարյանը, ապա ելույթ ունեցավ Սկաուտական միավորի Գերագույն մարմնի նախագահ Վեհանուշ Խուդաբախշյանը: Գեղարվեստական բաժնում «Լիսաբոնի երգը» ասմունքի համադրությամբ կատարեցին Արփինե Մովսիսյանը և Դվին Հովհաննիսյանը: Ընթացքում ասմունքի և երգի կատարումներով հերթաբար ելույթ ունեցան Ստեփանիա Հակոբյանը և Լուսիա Գալստյանը՝ կատարելով Գևորգ էմինի «Հայրենիք» բանաստեղծությունը և «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, իսկ սկաուտներից կազմված երգչախումբը կատարեց «Նժդեհիկների երդումը» և «Ոչ, չեն մեռնում հերոսները» երգերը:

Գեղարվեստական բաժնի ավարտին սկսվեց մրցութային բաժինը, որտեղ մրցադաշտ իջան «Արարատ» և «Արցախ» խմբերը:

Նոր Ջուղայում ամեն տարի անցկացվող Լիսաբոնի հինգ հերոսներին նվիրված հնգօրյա ֆուտբոլի մրցաշարը կազմակերպվում է հայ համայնքի երիտասարդներից կազմված սիրողական խմբերի մասնակցությամբ: Այս տարվա մրցաշարին մասնակցություն էին բերել «Արարատ», «Արցախ», «Բռունցք», «Զեփյուռ», «Նաիրի» և «Արքա» խմբերը:

Հնգօրյա մրցությունների արդյունքում հուլիսի 30-իի մրցեցին եզրափակիչ փուլ անցած «Արարատ» և «Արցախ» խմբերը: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով, հօգուտ՝ «Արարատ»-ի: Մրցության ավարտին առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած խմբերի մարզիկները,  մրցավարները և Միության Ֆուտբոլի հանձնախումբը գնահատվեցին գնահատագրերով և հուշանվերներով:

Մրցաշարը վարեցին Էդմոնդ Բաղդասարյանը, Կարո Շահբազյանը և Արթին Մելիքյանը:

Խաղերի կազմակերպիչ հանձնախումբը ներկայացնում էին` Սեպուհ Վարդանյանը, Մանիա Բեգիջանյանը, Լուսիա Գալստյանը, Սասուն Սիմոնյանը, Տաթևիկ Տեր-Մարտիրոսյանը, Ռուբեն Խոսրովյանը և Հարմա Կարապետյանը, իսկ հանձնախմբի և միավորի Գերագույն մարմինը՝ Նարեգա Սիմոնյանը:

Հիշեցման կարգով նշենք, որ 1983 թ. հուլիսի 27-ին, Հայ Հեղափոխական Բանակի հինգ տղաները անձնազոհական մի ակտով զինված հարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք` Լիսբոնում տեղակայված Թուրքիայի դեսպանատան վրա և 3-ժամյայ գրավումից հետո` պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզվելով բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանության իրողությունն ու Հայ Դատի արդար լուծում գտնելու պահանջատիրությունը:

Նոր Ջուղայի «Արարատ» միության թղթակից

Երանուշ Թահմազյան

Լուսանկարները` հեղինակի

Scroll Up