Հայաստանյան Zip Line-ն աշխարհի ամենաերկարների 10-յակում կլինի

Տավուշի մարզի Ենոքավան գյուղը էքստրեմալ Yell Extreme Park-ի հետ կկապվի նոր՝ մոտ 2400 մ երկարությամբ զիփլայնով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Yell Extreme Park նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Ըստ նախագծի հեղինակի, աշխարհի ամենաերկար Zip Line-ի (պողպատե ճոպանով էքստրեմալ վայրէջքի համար արագընթաց ուղի) շինարարության նախագծի հետ կապված տեխնիկական և ինժեներային խնդիրներ առաջացան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ զիփլայնի որ երկարությունը լինելու է 2680 մ, բարձրությունը՝ 200-300 մ, թռիչքի տևողությունը՝ 3 րոպե, առավելագույն արագությունը՝ 120կմ/ժ: Այս պահի դրությամբ ամենաերկար Zip Line-ն աշխարհում գործում է Մեքսիկայում, որի երկարությունը 2545 մ է:

«Հաշվարկների ժամանակ խնդիրներ առաջացան ոչ լիարժեք տոպոգրաֆիկ տվյալների պատճառով: Բոլոր միջոցները, որ մենք հավաքել էինք Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում, ծախսվել են ինժեներային, ճարտարապետական և տոպոգրաֆիկ աշխատանքների վրա: Սակայն հետո մի շարք խնդիրներ առաջացան և մենք սկսեցինք լուծումներ որոնել: Մինչ մենք զբաղված էինք այդ ամենով, Դուբայում բացվեց ամենաերկար զիփլայնը՝ 2720 մ, իսկ հետո Հարավային Կորեայում: Արդեն ակտուալ չէր աշխարհի ամենաերկար զիփլայն բացելը», – ասել է նա, գրում է «Նովոստի-Արմենիան»:

Ընդ որում, նա նշել է, որ տվյալ պահին աշխատանքներ են ընթանում զիփլայնի վրա մեկ այլ հատվածում, որի երկարությունը կլինի մոտ 2400 մ: Արդյունքում, ըստ նրա, հայկական նախագիծը կընդգրկվի աշխարհի ամենաերկար զիփլայնների 10-յակում:

«Այստեղ արդեն հասկանալի է մեր լոգիստիկան: Մենք կետը բացում ենք գյուղի միջով, որպեսզի այն կապենք զբոսայգու հետ: Ամեն դեպքում մեր զիփլայնը երկար է լինելու, թեև ոչ ամենաերկարն աշխարհում»,-ասել է նա:

Չիբուխչյանը հավելել է, որ քրաուդֆանդիգի միջոցով տոմսեր գնողները կկարողանան օգտվել զբոսայգու բոլոր ծառայություններից կախված իրենց նվիրատվություններից և առանց ժամանակի սահմանափակման:

Նա նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջարկել մոտ 20 ծառայություն, մասնավորապես, կկառուցվի ավելի հարմար վարչական շենք, ֆուդկորտ, «պարսատիկ» ատրակցիոն:

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

Scroll Up