Սիդնեյի «Արշակ և Սոֆի Գոլստըն» հայկական վարժարանի սաներն այցելել են Արցախ

Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբայանը  հանդիպել է   «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:

Ողջունելով  պատանիների այցն Արցախ՝ ԿԳՍ նախարարը ներկայացրել է Արցախի պատմությունը, դրվագներ ազգային-ազատագրական պայքարից, խոսել ձեռքբերումների և այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նարինե Աղաբալյանն  Արցախի դպրոցների հետ համագործակցության առաջարկ է արել. մեկնարկը տրվելու է  Ստեփանակերտի Խ․Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցից, որտեղ էլ կայացել է հանդիպումը։  Իսկ նախարարի հարցին, թե ովքեր են պատրաստ գալ և բնակվել հայրենիքի արցախյան հատվածում, անմիջապես արձագանքել են 2 հոգի։

«Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանն ամեն տարի 10-11-րդ դասարանցիների համար կազմակերպում է  ուխտագնացություն  դեպի հայրենիք․արցախյան եռօրյան  հագեցած է լինելու հետաքրքիր հանդիպումներով, տեսարժան վայրեր՝ ճանաչողական այցերով։

«Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանը հիմնվել է 1986թ. Սիդնեյում` ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլստընների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ: Վարժարանում դասավանդվում են  հայոց լեզու, պատմություն, կրոն: Կրթօջախն ունի մանկապարտեզ  և նախակրթարան։

Scroll Up