Կայացել է Ստամբուլի «Լուսավորիչ Դպրաց Դաս» երգչախմբի փոքրիկների համերգը

Ստամբուլի «Լուսավորիչ Դպրաց Դաս» երգչախումբն ամեն առիթն օգտագործում է պատվելու և մեծարելու հայ ազգը, Հայրենիքը և մեր Եռագույնը։

Հունիսի 2-ին Գումգափուի Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում երգչախմբի մանկապատանեկան խումբը, որի խմբավարն է Հրանտ Չիզմեջյանը, հանդես եկավ «Միասին երգենք» խորագիրը կրող համերգով, որի ընթացքում մասնակիցները կրել են եռագույն շապիկներ:

«Հայրենիքի հուր կարոտն ու սերը զգալով և հատկապես նոր Հայաստանի պայծառ օրերից ոգևորվելով՝ թե´ մենք, թե´ մեր պատանիները ցանկացան եռագույն շապիկներ ընտրել և այս գույներով հպարտանալով՝ երգել մեր երգերը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց երգչախմբի տնօրենների խորհրդի անդամ Երազ Օլկունդեմիրը։

Հավելենք, որ երգչախումբը հիմնադրվել է 1929 թուականին և 2019-ին պիտի բոլորի 90-ամյակը։ Վերջին 10 տարիներին երգչախումբը, ղեկավարությամբ Հակոբ Մամիկոնյանի, զանազան առիթներով այցելություններ է կատարել Հայաստան և մասնակցել մի շարք հանդիսությունների, համերգների և փառատոնների՝ «Իմ Հայաստան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարության  Ոսկե մեդալի։

6 տարի առաջ վերակազմավորվել է երգչախմբի մանկապատանեկան խումբը՝ նպատակ ունենալով նոր սերնդի մոտ վառ պահել հայկական մշակույթը և հայ երաժշտությունը։

Լուսանկարները՝ Մկրտիչ Արծիվյանի

Scroll Up