Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս եկեղեցում պատարագ կմատուցի 

Մայիսի 24-ից հունիսի 3-ը Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում մեծ շուքով կնշվի ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունը, որին ներկա կգտնվեն ավելի քան հարյուր հազար ուխտավորներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդից, մայիսի 27-ին և հունիսի 3-ին տեղի ունենալիք հանդիսավոր երթին կմասնակցեն նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդը հունիսի 2-ին, ժամը՝ 11։00-ից  սիրով հրավիրում է ներկա գտնվելու Սուրբ Սերվատիուս եկեղեցում (հասցե՝ Keizer Karelplein 3, 6211 TC Maastricht) մատուցվող պատարագին։

Պատարագիչն է լինելու Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ, հոգեշնորհ Տեր  Սերովբե վարդապետ Իսախանյանը։ Եկեղեցական նվագակցությունը կկատարվի Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի կողմից՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։

Լրացուցիչ հարցերի և տեղեկության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամրներով՝ 06-23118396 (Լևոն Սարկիս), 06-43988500 (Արմանդ Կարաօղլյան):

Հավելենք, որ Սուրբ Սերվատիուսը ազգությամբ հայ է և հանդիսանում է Նիդերլանդներում և Բելգիայում (համապատասխանաբար՝ 354 և 384 թվականներին ) քրիստոնեության տարածողն ու նախահայրը։

Scroll Up