Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումները շարունակվում են
Իսպանիայի «Արարատ» հայկական միության Հայաստանի ն Հանրապետության 100-ամյակին նվիրված հերթական նախաձեռնությունը բուռն արձագանք գտավ արդեն ժողովրդավար, նոր Հայաստանի ոգևորությամբ ներշնչված վալենսահայության շրջանակներում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միությունից:
Այս անգամ միությունը հանրությանը ներկայացրեց ժողովրդածին Հայրենիքի ավետաբերների՝ սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանների հեղինակած «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» կատակերգությունը, որի առանցքում Հայրենիքը չլքելն ու այն ավելի հզորացնելն է։ Դերասանները ժամանել էին Վալենսիա այն կարևոր խորհրդով, որ Հայաստանն այլևս ավելի բարեկեցիկ, օրինական և հյուրընկալ է դարձել՝ գրկաբաց իր դռները բացելով աշխարհասփյուռ հայության առջև։
Ներկայացման հերոսները երկիրը լքելու ծանր որոշման առջև կանգնած ամուսիններն են, ովքեր, ի վերջո, որոշում են չգնալ և հոգ տանել նորածին թոռան մասին, ով նոր Հայաստանի ապագա շենացնողը պիտի լինի։ Սիրված դերասաններին Հայրենիքի կարոտը սրտերում ամբարած վալենսահայ հանդիսատեսը ջերմորեն ընդունեց։
Նրանց շարքերում նաև իսպանացիներ կային, այդ թվում՝ Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի և արտաքին հարաբերությունների խորհրդականներ Պեպի Լուխանն ու Խոսե Լուիս Գարսիան, ովքեր ուշադիր դիտում էին օտարալեզու ներկայացումը՝ կարծես հասկանալով պանդուխտ հայի հոգեվիճակը։
Ահա մայիսյան հաղթանակներին նվիրված ևս մեկ միջոցառում, որոնց մեկնարկը տրված էր արդեն ապրիլին՝ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսով։