Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա օդային փառատոն

Հունիսի 16-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա օդային փառատոն, որի ընթացքում միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը՝ մանրամասնելով, որ միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունն Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և հետաքրքիր ու առողջ առօրյայի կազմակերպմանը:

Նրա խոսքով՝ ժամը 14:00-ից կմեկնարկի օդային շոու 6-ից ավելի ինքնաթիռների և օդապարիկների մասնակցությամբ: Իսկ ժամը 17:30-ից սկսած՝ ներկաները պարապլանով, օդապարիկով և արցախյան տուրիստական ինքնաթիռով թռչելու հնարավորություն կունենան:

«Օդային փառատոնը ողջ ընթացքում կուղեկցվի երաժշտական ծրագրով՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ: Ժամը 18:30-ին կմեկնարկի միջոցառման համերգային մասը, իսկ 21:00-ից՝ փարթին: Մուտքի տոմսի արժեքը 2000 դրամ է, որը վաղվանից կարելի է ձեռք բերել Ստեփանակերտում Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից՝ (Արմենիա հյուրանոցի դիմաց, հեռ. 097 399 175), իսկ Երևանում Yell Extreme Park-ի գրասենյակից (Մոսկվայի տուն, 4-րդ հարկ, հեռ. 041 010 030): Բացի դրանից տոմսերը կարելի է պատվիրել նաև առցանց՝ tomsarkgh.am-ի միջոցով»,- ավելացրել է Մ. Ղազարյանը և ավելացրել, որ փառատոնն Արցախում անց է կացվելու երկրորդ անգամ:

Նշենք, որ օդային փառատոնը կազմակերպվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի, արտադրական ենթակառուցվածքների նախարարության, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, Yell Extreme Park-ի, Skyball-ի և SKY CLUB – Paragliding in Armenia-ի համատեղ ուժերով:

Scroll Up