Աթենքի «Ավետիս» պարախումբը կտոնի հնգամյակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/1-20.jpg)
Մայիսի 26-ին տեղի կունենա Աթենքի «Ավետիս» պարախմբի հիմնադրման հնգամյակին նվիրված՝ «Քո սիրուց ենք ծնվել Հայրենիք» խորագիրը կրող հոբեյանական երեկոն:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, միջոցառումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության կազմավորման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
«Ավետիս» պարախումբը ոչ միայն ներկայացնում է հայկական ազգային պարերը, այլև փորձում է տարբեր ձեռնարկներով հայոց լեզուն, պատմությունն ու ավանդույթները փոխանցել հայ երեխաներին, և ապա աշխարհին: Չնայած կարճ ստեղծագործական ուղուն` պարախումբը հասցրել է ճանաչում ձեռք բերել ո´չ միայն հունահայ համայնքում, այլև համայնքի շրջանակներից դուրս: 2014թ. «Ավետիս»-ը մասնակցել է Աթենքում կայացած Միջազգային հնդեվրոպական պարերի աշխարհահռչակ փառատոնին (International Bollywood dance festival), հունական պետական «Դորա Ստրատու» թատրոնի կողմից կազմակերպված «Էմելիա» ազգագրական պարերի փառատոնին: Նույն թվականին մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի գիտաժողովին՝ «Հայերի մուտքն ու մշակույթը Հունաստանում» խորագրով, իսկ 2015թ. ռուսական մշակույթի տան կողմից անցկացվող «Աշխարհի ռիթմերը» փառատոնին արժանացել է մրցանակի և հատուկ պատվոգրի` լինելով ամենակրտսեր ու խիզախ պարախումբը:
2015թ. ապրիլին պարախումբը մասնակցել է «Ողջերը» խորագրով մենահամերգ-ձեռնարկին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ 2016թ. նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնին:
Պարախմբի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը Շուշանիկ Սեմերջյանն է, տնօրենը՝ Շուշանիկի ամուսինը՝ Կարեն Հակոբյանը: