Թալիշը միշտ էլ ապրելու է. սկսվում է նոր բնակելի տների կառուցումը

Ապրիլյան պատերազմից տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում շուտով կմեկնարկի բնակելի տների կառուցման երկրորդ փուլը: Այս մասին Panorama.am-ին ասաց Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլով նախատեսվում է Թալիշում կառուցել և վերակառուցել 25 բնակելի տուն,  9-ը՝  հիմքից. «Ամեն ինչ արվում է, որպեսզի հրետակոծությունից վնասված տները, ենթակառուցվածքները  օր առաջ վերականգնվեն»:

Վիլեն Պետրոսյանը հայտնեց, որ ներկայում ընթացքի մեջ է Թալիշում կառուցվող նոր դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցումը. «Ակտիվ շինարարական աշխատանքներ էր ընթանում: Երկու շենքերն էլ ապահովված են ապաստարաններով»:

Նշենք, որ ամիսներ առաջ Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հայտարարել էր, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն Թալիշի դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝  գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Թալիշում արդեն շահագործման են հանձնվել 17 բնակելի տներ, ավարտվել է նաև համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերի կառուցումը, որոնք նույնպես առաջիկայում շահագործման կհանձնվեն:

«Գյուղում մշտական բնակություն է հաստատել արդեն մեկ ընտանիք, այս տների  կառուցումից  հետո էլ մարդիկ կվերադառնան գյուղ: Թալիշը վերակառուցվում է, Թալիշը միշտ էլ ապրելու է»,- ասաց Վիլեն Պետրոսյանը:

Scroll Up