Երևանում կնշվի Բուն Բարեկենդանը

Փետրվարի 11-ին Երևանում կնշեն Բուն Բարեկենդանը: Տեղի կունենա տոնական քայլերթն ու օրվա խորհրդին նվիրված այլ միջոցառումներ:

փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը, որի մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, ձիակառքի և հեքիաթի հերոսների ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ:

Ազատության հրապարակում տեղի կունենա օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը՝ ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով, կոխի ցուցադրություններով, խաղերով և մրցույթներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Բարեկենդանը, որը Հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից է, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը: Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

Scroll Up