Սուրբ Ծննդյան հավաք և աղոթք Թաիլանդի հայ համայնքում

Բանգկոկում Թաիլանդի հայկական համայնքը հունվարի 13-ին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Ավանդաբար հավաքույթը համայնքում տարվա առաջին հանդիպումն է լինում, որն էլ թաիլանդահայերին մեկտեղվելու հնարավորություն է ընձեռում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Թաիլանդում ՀՀ հյուպատոսության մամլո գրասենյակից, համայնքի սարկավագ Սարգիս Թարաքջյանը Christchurch եկեղեցում ներկաներին փոխանցել է Սուրբ Ծննդյան Ավետիսը, միասին աղոթել են, որին հաջորդել է հյուպատոսության կողմից կազմակերպված համայնքային ընթրիքը:

Ողջունելով թաիլանդահայերին՝ Թաիլանդում ՀՀ պատվո  հյուպատոս Արտո Արթինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, շնորհակալություն հայտնել ամբողջ տարվա ընթացքում համերաշխ և համախմբված հայապահպան աշխատանքներ կատարելու համար: Արտո Արթինյանն իր խոսքում կարևորել է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100, մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում միջոցառումների կազմակերպումը, որին մասնակցելու է նաև Թաիլանդի հայկական համայնքը:

Հավելենք նաև, որ թաիլանդահայ համայնքը Թաիլանդի Ռեգենտների միջազգային դպրոցի հայազգի աշակերտների հետ միասին վայելել են հայկական ջերմ մթնոլորտը և միասնաբար մուտք գործել նոր տարի՝ հույս հայտնելով օտար միջավայրում պահպանել հայկական մշակույթն ու ավանդույթները:

Scroll Up