Վալանսի հայ մշակույթի տան առօրյան հագեցած է բազմապիսի միջոցառումներով

Հունվարի 3-ին խանդավառ մթնոլորտ էր տիրում Վալանսի մշակույթի տան կամարների ներքո։ Ծնողներ, հյուրեր, աշխատակիցներ: Օրվա «հերոսներ»-ը հայ մշակույթի տանը գործող «Հայ մշակույթի արվեստանոց»-ի մանուկներն էին՝ իրենց բազմաբովանդակ ծրագրերով։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Վալանսի հայ մշակույթի տան վարչության անդամ Սուսան Փահլևանյանը, «Կրթել մանուկին օրորոցից». այս նշանաբանով են առաջնորդվում աշխատակիցներ՝ Ռոզի Սարյանը, Լյուսի Համամջյանը, Սոնա Ջանազյանը, օգնականներ՝ Անահիտ Մկրտչյանը, Լիզա Սարյանը, Ժուլյա Քիրազյանը։ Նրանք մանուկների հետ աշխատում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում։ Աշխատանքի ընթացքում գտնում են մատուցման նոր ձևեր, աշակերտներին զույգերով և խմբերով սովորեցնելու, աշխատեցնելու նոր հնարներ, և դիտակտիկ պարագաների օգնությամբ տալիս են այն օգտակարն ու ուսանելին, որն անհրաժեշտ է Սփյուռքում հասակ առնող մանուկին, որպեսզի սնվի հայեցի դաստիարակությամբ, ծանոթանա հայ մշակույթին ու արվեստին, հայոց պատմությանը։
Հայ մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանի պրպտող միտքը սահում էր հեռուներ։ Նա տեսնում էր նույն այդ մանուկին տարիներ հետո, որը հայ մշակութի տուն հաճախելով՝ կստանա հայեցի դաստիարկություն և կառչած կմնա ազգային արմատներին։
Հինգ տարի առաջ ծնվեց Վալանսի հայ մշակույթի տան կից գերծող «Մշակույթի արվեստանոց մանուկների համար»-ը։ Ուսումնական տարվա արձակուրդներին մանուկները հաճախում են արվեստանոց։ Մասնակցում են 5-11 տարեկան մանուկներ։ Յուրաքանչյուր օրվա համար կա հստակ ժամանակացույց։ Այդ է վկայում դահլիճում փակցված պաստառը, որը Ձեզ կպատմի մանուկների առօրյան։
Հունվարի 3-ին լեփ-լեցուն դահլիճում հնչում էր երգն ու պարը, ծափն ու ծիծաղը, ասմունքն ու խաղը, փոքրիկ «խոհարարները» ներկաներին հյուրասիրում էին իրենց պատրաստած բլիթները։ Մայրենին սփյուռքում մեծացող հայ մանուկի շուրթերից հնչում էր վարժ ու սահուն առոգանությամբ։ Ներկաների դեմքերին գոհունակության ժպիտ էր շողում։
Միջոցառման ավարտին ծնողները շնորհակալություն հայտնեցին աշխատակիցներին, իսկ ատենապետ Նազո Ջինբաշյանին ո´չ միայն ծնողները, այլ նաև հյուրերը իրենց երախտիքի խոսքը հղեցին այս բացառիկ ծրագրի մտահղացման և կյանքի կոչելու համար։