Տարեմուտի հանդես՝ Բրյուսելի հայկական դպրոցում
«Հայերն այսօր»-ին Բրյուսելի «Առաջընթաց» միության հայկական դպրոցից տեղեկացնում են, որ աշակերտների ծնողների ու դպրոցի տնօրեն Լևոն Մուրադյանի համագործակցությամբ վերջերս տեղի ունեցավ հերթական հանդեսը’ նվիրված Ամանորին:
Մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ աշակերտներն իրենց մասնակցությունը բերեցին միջոցառման նախապատրաստական աշխատանքներին:
Բրյուսելի հայկական փոքրիկ դպրոցում՝ օտար, բայց հայաշունչ պատերից ներս, հնչեցին նաև մեծն Կոմիտասի երգերից: Դպրոցի բարձր դասարանի սաները ներկայացրեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը:
Ավելի փոքրերը ներկայացրեցին բեմադրական մի կտոր, որում խոսվում էր այն մասին, թե իրենց կյանքում ամենից կարևորը ոչ թե համակարգիչն ու բջջային հեռախոսը պետք է լինեն, այլ՝ շրջապատող աշխարհի գույները, բնությունը, իրենց ընկերները: Անչափ հուզիչ ու տպավորիչ էր դպրոցի ամենափոքր սաների ելույթը: Բոլորին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, մեծ ուրախություն պատճառեց Ձմեռ պապի մուտքը, ով հանդեսի մասնակիցներին նվերներ բաժանեց ու բարեմաղթանքներ հղեց ներկաներին: