Ստեփանակերտում Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/12/410.jpg)
Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը և ՀՀ ազգային արխիվին:
Ցուցահանդեսին ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ արցախյան ծագումով մեծ հայորդու՝ Գարեգին Հովսեփյանի կենսագործունեությունը ժամանակակիցներին և հաջորդ սերունդներին տվել է համազգային ու համապետական նշանակություն ունեցող անհատի վառ օրինակ:
«Լինելով բազմակողմանի զարգացած ու կրթված՝ նա շատ խորն էր ընկալում հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երևույթները, և պատահական չէ, որ մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող Սարդարապատի հերոսամարտում նա հանդես եկավ նորoրյա Ավարայրի շնչով: Նրա խորին համոզմունքն էր, որ Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի ու ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Գլխավորելով միակ` 300 հոգևորականներից կազմված ջոկատը՝ նա կարողացավ ամբողջ բանակի մեջ բեկում մտցնել»,- նշել է Ս. Շահվերդյանը և ավելացրել, որ ցուցահանդեսին փորձել են ներկայացնել նրա թողած մեծ ժառանգությունը:
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը նշել է, որ ինքն այստեղ իրեն հարազատ է զգում, քանի որ, շնորհիվ Գ. Հովսեփյանի, այսօր կաթողիկոսությունը գործում է Արցախի հավատքով, կամքով և վճռականությամբ:
«Այստեղ ցուցադրվում են նաև Գ. Հովսեփյան կաթողիկոսի անձնական իրերը, որոնք պահպանվում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի թանգարանում: Այս ցուցահանդեսը կաթողիկոսի մասին է, սակայն խոսել կաթողիկոսի մասին, նշանակում է խոսել ընդհանրապես հայ ազգի և հատկապես Արցախի մասին, քանի որ Գ. Հովսեփյան ամբողջական անունն իր մեջ կրում է արցախցու ներաշխարհն ու դրոշմը՝ հարուստ միտք, վեհանձն հոգի և բարի նկարագիր»,- ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը և ավելացրել, որ յուրաքանչյուր հայ պարտք ունի Գ. Հովսեփյան կաթողիկոսի նկատմամբ, և այդ պարտքը, շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, հայությունը քիչ թե շատ փորձում է տալ:
Ցուցահանդեսին ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրել է Գարեգին Հովսեփյանի կյանքը, գործունեությունը, ներկաներին ցույց տվել պահպանված նմուշները:
Ելույթով հանդես է եկել նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը՝ իր խոսքում ընդգծելով, որ երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանում իր արժանի զավակներին:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք: