«Ոսկե Մանգուստ»-ի միջազգային սպորտային 2017 թվականի մրցանակաբաշխությունը

Դեկտեբերի 9-ին, Օդեսայում` «Օդեսա-Խոլ» համերգային մեծ սրահում, տեղի ունեցավ «Ոսկե Մանգուստ» միջազգային սպորտային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այն կայացավ քաղաքում արդեն 16 տարի գործող` «Մանգուստ» մարզական ակումբի և նրան աջակցող կազմակերպությունների, հովանավորող անձանց միջոցներով ու ջանքերով:
Հպարտությամբ պետք է նշել, որ այս հետաքրքիր անվանումով հասարակական կազմակերպության՝ սպորտային կառույցի հիմնադիրներից մեկն է մեր հայրենակից Լեռնիկ Մուսայելյանը: Այսօր սպորտակումբում գործում են և՛ երեխաների, և՛ մեծերի խմբեր։ Նրանք մարզվում են բոքսով, մարտարվեստի տարբեր ձևերով, բրազիլական ջիուջիթսով և գրեպլինգով։ Շնորհիվ մարզիչների հմտության՝ սաները հասել են սպորտային բարձր նվաճումների թե՛ Ուկրաինայում, թե՛ նրա սահմաններից դուրս և դարձել միջազգային կարգի հաղթողներ։
Միջոցառմանը հրավիրված էին հասարակական ու քաղաքական, սպորտի բնագավառի վաստակավոր գործիչներ՝ տարբեր երկրներից, ճանաչված մարզիչներ ու մարզիկներ` աշխարհի և օլիմպիական չեմպիոններ: Մայր Հայաստանը ներկայացնում էր դյուցազուն Ռուստամ Խաչատրյանը, ում նվաճումը գրանցված է ՀՀ «Դյուցազնագրքում»: Նրան այդ պատվավոր մրցանակը հանձնեց Ուկրաինայի կրկնակի տիտղոսակիր, դյուցազուն Ալեքսեյ Նովիկովը:
Մրցանակաբաշխությունն ընթանում էր բուռն ծափահարությունների ներքո և ընդմիջվում միջազգային ճանաչում ունեցող՝ սիրված արտիստների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների ելույթներով: Նպատակն էր՝ ոչ միայն ներկայացնել և խրախուսել սպորտային բարձունքներ նվաճած մարզիկներին, այլև նրանց հաղթանակներն ու համագործակցությունը ծառայեցնել մարդկության բարօրությանն ու խաղաղության ամրապնդմանը:
Նաև հավելեմ՝ «Ոսկե Մանգուստ» մարզական հանդիսության և «Մանգուստ» մարզակումբի ինֆորմացիոն հովանավորն ու գործընկերը «Հայկական լրատու» հանդեսն է` գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանի ղեկավարությամբ:
Նարինե Մուրադյան
ք. Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից