Օլեգ Գաբրիելյան. «Համայնքի զարգացումը դառնում է օրախնդիր»

«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ղրիմի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության համալսարանի ռեկտոր Օլեգ Գաբրիելյանը: Նա նաև շուրջ տասը տարի եղել է Ղրիմի հայկական համայնքի ղեկավարը, հետևաբար մեր զրույցի առանցքում համայնքային հարցերն ու խնդիրներն էին: Չնայած շատ ավելի գայթակղիչ կլիներ զրուցել գիտնականի հետ, որը ծնվել է Բաքվում, ապա ապրել Երևանում, որտեղ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական, ապա դոկտորական ատենախոսությունները, իսկ վերջին քսան տարում ապրում է Ղրիմում:

 – Պարոն Գաբրիելյան, ո՞րն է Ձեր այցի նպատակը կամ պատճառը:

 –  Ես Երևան եմ եկել Սփյուռքի նախարարության հրավերով, որտեղ այս օրերին ծավալվել են քննարկումներ Սփյուռքի, նրա խնդիրների, համայնքների զարգացման հեռանկարների և հիմնախնդիրների շուրջ: Առաջին անգամ չեմ Երևան գալիս նախարարության հրավերով, որի հետ արդեն համագործակցության հիմնարար հանգրվաններ են ձևավորվել: Ժամանակակից աշխարհում փոխվում են էթնիկ համայնքների խնդիրներն ու առաքելությունները, փոխվում են հայեցակարգերը, ուստի անհրաժեշտ են հանդիպումներն ու քննարկումները, որոնք ոչ միայն առավել նպատակասլաց են դարձնում մեր գործողությունները, այլև հուշում են նոր մարտահրավերներին դիմակայելու ուղիները և մեթոդները: Ահա ինչու մենք հավաքվել ենք այստեղ:

 –         Վերջերս շատ է խոսվում Սփյուռքի կազմաքանդման, նրանում ոչ կառուցողական որոշ դրսևորումների մասին: Ավելին, փոխվել են պատկերացումներն Սփյուռքի մասին: Ինչպե՞ս կգնահատեք Սփյուռքի առկա խնդիրները:

 –         Սփյուռքը ոչ մի տեղ միատարր չէ և Սփյուռք ասելով՝ չպետք է հասկանանք կանոնակարգված ինչ-որ կառույց: Սփյուռքը բազմազան է, բազմաշերտ է, այն տարբեր մշակույթների և քաղաքական տարբեր ազդեցությունների հետևանք է և իրողություն է: Ամեն մի ժողովուրդ էլ վերջին տասնամյակներում իր սփյուռքն է ձևավորել, որովհետև փոխվել են աշխարհաքաղաքական մոտեցումները, ԽՍՀՄ փլուզումից հետո անսպասելիորեն մի շարք ժողովուրդներ ձեռք բերեցին սփյուռք: Մենք ունենք ավանդական, գրեթե հազարամյակի պատմություն ունեցող Սփյուռք, որը մեզ համար որոշ ընկալումներով դառնում է բացարձակ իրողություն, ավանդական շերտ: Ու հենց այս Սփյուռքում այսօր տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: Ես չէի ասի, թե գրանցվում են կազմաքանդման գործընթացներ: Ավելի շուտ՝ սկիզբ են առել էվոլյուցիոն գործընթացներ, երբ, կապված աշխարհաքաղաքական զարգացումներից, տարբեր երկրներում ձևավորված քաղաքական և սոցիալական հարաբերություններից, Սփյուռքը փոխում է իր առաջնությունը, իր առաջադիր խնդիրները: Սփյուռքը միայն էթնիկ միավորումը չէ այս կան այն մշակույթի կամ երկրի տարածքում: Սփյուռքը հոգեբանություն է, գաղափարախոսության տեսակ է: Սփյուռքի խնդիրները պետք է բաժանել լոկալի և գլոբալի: Ամեն մի համայնք իր առանձնահատկություններն ու բացառիկություններն ունի, ուստի խնդիրները կրում են տեղային բնույթ և բնորոշ են միայն տվյալ համայնքին: Մինչդեռ գոյություն ունեն գլոբալ խնդիրներ, որոնք վերաբերում են այլ մշակույթի շրջագծում ինքնության պահպանմանը, ինքնավարության ձգտմանը:

 –         Իսկ արդյո՞ք ինքնավարությունը չի տանում դեպի մեկուսացում, ինտեգրվելու հնարավորությունների բացառում: Չէ՞ որ ինքնավարությունը կարող է առիթ տալ կապերի խզման, ինքնաբավ գործունեության:

 –         Ինքնավարություն եզրը վերաբերում է ազգային-մշակութային ինքնության պահպանմանը, կենցաղավարության ազգային տիպաբանության հստակեցմանը: Երբ ասում ենք, որ ժամանակակից աշխարհում փոխվում են շատ խնդիրներ և հայեցակարգեր, ապա դրանք վերաբերում են նաև Սփյուռքում ինքնավարության հարցերին: Լեզուն, մշակութային արժեքները, ազգային հոգեբանությունը ինքնավարության առաջին գործոններն են: Առանց դրանց՝ չենք կարող խոսել համայնք հասկացության մասին: Սակայն այս գործոնների կարևորումը չպետք է լինի ի վնաս ինտեգրման, ի վնաս մերձեցումների: Փոխկապակցվածությունն այս կամ այն մշակույթին, ազգային սովորություններին, հասարակական և քաղաքական գործընթացներին ցանկացած համայնք դարձնում է առավել հզոր, ամբողջական և առավել արդիական դարձնում նրա գործելաձևերը:

 –         Ինտեգրումը, փոխկապակցվածությունն այլ մշակույթներին, անտարակույս, ընդունելի և դրական հասկացություններ են: Կարող ենք ասել՝ հրամայական: Սակայն այսօր մեզ մտահոգում ու անհանգստացնում է մեկ այլ խնդիր: Սփյուռքը երբեք էլ չի կարող համարվել մեր հպարտությունը: Այն նաև մեր ողբերգությունն է, որովհետև մենք հեռանում ենք միասնական ազգային միավորման գաղափարից, տարրալուծվում ենք այլ քաղաքակրթությունների և այլ պետական կազմավորումների մեջ: Նշանակում է՝ գնում ենք դեպի ուծացումը: Արդյո՞ք այս գործընթացը տեղի չի ունենում նաև Ղրիմի համայնքում:

 –         Ղրիմի համայնքի մասին խոսելիս պետք է փոքր-ինչ այլ մոտեցումներ և չափումներ ունենալ: Այս համայնքն էապես տարբերվում է շատ գաղթօջախներից և համայնքներից, որովհետև հազարամյակի պատմություն ունի: Այսինքն, կայացած ու ձևավորված համայնք է:  Ղրիմը հայերին ծանոթ է հին ժամանակներից։ Սակայն այնտեղ մշտական հայ բնակչություն է հաստատվում IX դ. սկսած։ Հետագայում, հատկապես XIV դ., մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։ Հայերի թիվն այնքան է ավելանում, որ թաթարներից հետո նրանք բնակչության քանակով երկրորդն էին։ Իզուր չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան։ Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Սոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։ Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։ Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ։Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն։ Վերջին քսան տարիներին նորից Ղրիմի համայնքը կազմավորման գործընթացներ ապրեց, վերադարձան նախկինում այստեղից հեռացած շատ հայեր, եկան նաև Հայաստանից, Ադրբեջանից: Բնականաբար, այն բոլոր խնդիրները, որոնք բնորոշ են բոլոր հայ համայնքներին, իրենց տեղն ունեն նաև Ղրիմի հայկական համայնքում, սակայն այստեղ շատ հարցեր արդեն լուծված են: Ինչ վերաբերում է ուծացմանը, ապա դա անխուսափելի գործընթաց է բոլորի համար, բոլոր այն ժողովուրդների, որոնք սփյուռք ունեն: Պարզապես պետք է առավել զգուշավոր և հետևողական քաղաքականություն վարել:

–         Որո՞նք են այն քայլերը, որոնք կատարվել են Ղրիմում ուծացումը որոշակիորեն կանխելու, ազգային ինքնությունը պահպանելու և համայնքը կազմաքանդումից զերծ պահելու համար:

–         Ցանկացած համայնք պետական միավորում չէ, այլ ազգային-մշակութային-հոգևոր: Հետևաբար առաջնային պետք է լինեն այս կառույցները: Դեռևս 2009 թվականին, հանդիսանալով Ղրիմի հայկական համայնքի ղեկավար, ես հայտարարեցի, որ Սիմֆերոպոլում հայկական եկեղեցու շինարարությունը եւ լիարժեք հայկական դպրոց ստեղծելը Ղրիմի հայկական համայնքի երկու ռազմավարական խնդիրներն են: Առանց այդ խնդիրների իրագործման համայնքը կշարունակի մնալ ոչ հասուն: Հայկական դպրոցի ստեղծումը չափազանց բարդ գործ է: Առանց դպրոցի համայնքն ապագա չունի: Հայկական եկեղեցու հանդեպ ունեցած հարգանքի հետ մեկտեղ առանց դպրոցի նա ի վիճակի չէ միայնակ դիմակայել ձուլման գործընթացներին: Այսօր մենք ունենք կիրակնօրյա դպրոցներ, սակայն դրանցից զատ, ունենք կարգավիճակով առավել բարձր կրթական կառույցներ՝ տարբեր դպրոցներում գործում են հայկական դասարաններ:  Ղրիմի հայկական համայնքի  զարգացման առավել կարեւոր ճյուղերից եւ նրա ձեռքբերումներից ժամանակին պետք էր առանձնացնել հետեւյալները. ՂՀՀ գրասենյակի ստեղծումը, գրասենյակի համար նոր շենքի կառուցումը, Ղրիմի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Սիմֆերոպոլում հինավուրց հայկական գերեզմանատան վերականգնումը, Կերչում եւ Եվպատորիայում հայկական եկեղեցիների վերադարձն ու վերականգնումը, Յալթայի եկեղեցու վերանորոգումը, Սուրբ Խաչ վանքի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակի տոնումը: Հրատարակվել են երեք տասնյակ գրքեր, հրատարակվում է «Մասիսի աղավնի» ամսագիրը, միջնակարգ դպրոցներում ստեղծվել են հայկական լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման արտադասարանային դասընթացներ: ՂՀՀ ներկայացմամբ, հարյուրավոր ղրիմահայեր ստացել են Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Ուկրաինայի բարձրագույն շքանշաններ:

–         Շատերիս է ոգևորում այն հանգամանքը, որ Ղրիմի համայնքը հանդես է գալիս մի շարք կարևոր նախաձեռնություններով, հատկապես հոգ տանում դպրոցականների և երիտասարդների մասին: Այս տարի կազմակերպվեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարը, կատարվել են այլ քայլեր ևս՝ ցուցահանդեսների կազմակերպում, փառատոներ և այլն: Ղրիմի իշխանությունները կամենում էին մեծ պատմություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին դարձնել Ազգագրական թանգարանի մասնաճյուղ, ինչին դեմ ելավ համայնքը, համայնքային կազմակերպությունը և լուծվեց խնդիրը: Սրանք ձեր ձեռքբերումներն են, որոնք ոգեշնչում են բոլորիս: Եվ վերջին հարցս. Սփյուռքի նախարարության ստեղծման, նրա գործունեության մասին հիմնականում հնչում են դրական գնահատականներ, սակայն կան նաև թերահավատներ, քննադատորեն տրամադրվածներ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս նախարարության գոյությունն ու գործունեությունը:

 –         Կարծում եմ, անցել են թերահավատների քննադատորեն տրամադրվածների ժամանակները: Այսօր, առանց չափազանցման, ինչպես նախարարությունը, այնպես էլ հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանը մեծագույն ջանքեր են գործադրում աշխատանքների կազմակերպման, Սփյուռքի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում: Շատերն ի սկզբանե սխալ ընկալեցին նախարարության դերը, ոմանց թվաց, թե նախարարությունը կառավարելու է Սփյուռքը: Սփյուռքը կառավարելն անհնար է. պետք է համակարգել: Եվ նախարարությունը հրաշալի է իրականացնում այս գործառույթը: Առիթից օգտվելով, շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը և միաժամանակ ողջույնս հղում Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իմ նախկին գործընկերներին: Եվ՝ շնորհավոր Նոր տարի: Թող 2014 թվականը դառնա մեր մեծ համախմբումի տարի:

–         Շնորհակալություն զրույցի համար: «Հայերն այսօր»-ն էլ շնորհավորում է Ղրիմի հայկական համայնքին, Ձեզ՝ գալիք տարվա առթիվ: Թող հաջողությունները մեզ ուղեկից լինեն:

Զրուցեց՝ Լևոն Մութաֆյանը

Scroll Up