«Թեքեյան կենտրոն»-ի «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ծրագիրն աջակցության կարիք ունի

Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առաջնային ոլորտներից է: Սակայն, ցավոք, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից: 2010թ. սկսած բարերարների շնորհիվ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը և օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հիմնադրամից, ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:

2017-2018 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,433 անվճար դասագիրք է տրամադրել 190 անապահով աշակերտի Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից և Բերձորից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման ութ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է շուրջ 19,000 դասագիրք 10,135,000 ՀՀ դրամ արժողությամբ:

Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում և ակնկալում է Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և անհատների տևական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամ

/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/

Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)

SWIFT / BIC: ARMIAM22

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման և բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:

 

 

Scroll Up