Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին եւ վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։
Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։
«Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։