Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին. լուսանկարներ

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե մի խումբ հավատացյալներ կարողացել են մուտք գործել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս և մոմ վառել ու աղոթք անել այնտեղ: Դիարբեքիրում Akunq.netի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանից տեղեկացանք, որ եկեղեցու մուտքը պաշտոնապես դեռ փակ է, և այդ մարդիկ կարողացել էին եկեղեցի մտնել մասնավոր կապերի միջոցով: Այնուամենայնիվ, այդ դեպքն առիթ ծառայեց, որ Կարոտ Սասունյանը զարտուղի ճանապարհներով և գրեթե կյանքը վտանգի ենթարկելով` մտնի Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին և լուսանկարներ անի այնտեղ, որպեսզի ամբողջ հայությունը տեղեկանա սույն եկեղեցու ներկայիս վիճակի մասին: Ստորև թուրքերենից թարգմանաբար հրապարակում ենք Կարոտ Սասունյանի հոդվածը և Սուրբ Կիրակոսում նրա արած լուսանկարները:

Խնկի բույրն առաջին անգամ հենց այս եկեղեցում էի զգացել… Այնքան էր դուրս եկել, որ այդ կիսավեր եկեղեցին պահպանելու նպատակով կից կառույցում ապրող ընտանիքի անդամներից մեկն ինձ մի քանի կտոր խունկ էր տվել` թղթի մեջ փաթաթելով… Այդ կիսաքանդ եկեղեցին Սուրբ Կիրակոսն էր: Ես Սասունի գյուղերից մեկում էի ապրում: Երբեմն, գործի բերումով, Դիարբեքիր էի գալիս: Գալուն պես այցելում էի այդ եկեղեցին, որի տանիքը դեռ լիովին չէր փլվել: Ամեն այցիս հետ նկատում էի, որ եկեղեցու տանիքից երկու կամ երեք քար էլ էր ընկել: Ամեն անգամ մտածում էի` մի՞թե մի ճար չկա: Չկա~ր:

Դիտավորյալ էին թողել, որ այն ավերվի: Դիտմամբ էին պատժում նրան: Եվ եկեղեցին քանդվում էր, ոչնչանում` ցավ քաշելով ու ցավ պատճառելով: Գրքերում էինք ընթերցել, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եղել, որ բաղկացած է եղել յոթ խորաններից, և որ երբ նրա զանգը հնչում էր, ձայնը մինչև Սասուն էր հասնում: Գրքերից էինք իմացել, որ այս եկեղեցու զանգակատունը մզկիթի մինարեից բարձր էր եղել, որի պատճառով այն քանդել էին տվել: Թնդանոթի ռումբերով անգամ չէին կարողացել զանգակատունը հողին հավասարեցնել: Դրա համար էլ Սիրիա «աքսորված» մի հայ ճարտարապետի էին այդ գործը հանձնարարել:

Եկեղեցու բակում ապրող չգիտեմ քանի տարեկան Լուսյեն քույրիկի` չգիտեմ որ համարի ակնոցները լվանում էի` բակում գտնվող փոքրիկ սև բազալտի քարից պատրաստված և երիցուկի նմանվող ջրավազանի անիվի միջոցով ջուր հանելով: Ամեն անգամ աչքերս համբուրելով` օրհնում էր ինձ: Սպասված օրը եկավ… Աստված հոգիդ լուսավորի, Լուսյե~ն քույրիկ (գրված է հայերենով-Ակունքի խմբ): Այլևս այն ջրավազանի անիվը չկա, որ ակնոցներդ լվանք: Գողացել են… Գիտե՞ս` ջուրը չեն կարողացել գողանալ: Թերևս եթե կարողանային, ջուրն էլ կգողանային` ճիշտ այնպես, ինչպես մեր հայրենիքը գողացան… Մեր հայրենիքը կարողացան գողանալ, բայց հողը` ոչ…

Մի օր, երբ խիստ հորդառատ անձրև էր տեղում, նորից Դիարբեքիր էի գնացել: Մտքումս ասում էի` եկեղեցու տանիքի մնացյալ հատվածը չի դիմանա այս անձրևին: Այդպես էլ եղավ: Անձրևը դադարել էր, իսկ եկեղեցու տանիքը` փլվել: Այլևս սկսվել էր անխուսափելի վերջը: Պատերն էլ էին փլվելու, խորաններն էլ… Այսինքն` վախճանվելու էր մեր եկեղեցին: Բակը լցվել էր տանիքի քարերով ու փոշով: «Ի՞նչ է լինելու այս եկեղեցու վիճակը»,-հարցնում էի ես: Անդո հորեղբայրը, աչքերը լցնելով, պատասխանում էր ինձ, դիարբեքիրցի վառարանագործ Անդո հորեղբայրը, ով հայտնի էր նաև Անդրանիկ Զոր անունով:

Նա էլ չէր լքել Սուրբ Կիրակոսը: Հիվանդացավ, ստիպված եղավ հեռանալ Սուրբ Կիրակոսից, ակամա հյուրընկալվեց Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում: Գնաց` չկարողանալով խնկի բույրը նորից շնչել Սուրբ Կիրակոսում… Աստված հոգին լուսավորի (գրված է հայերենով-Ակունքի խմբ)…

Բանակում ինձ թագավորի պես էր դիմավորել սասունցի Դանիել Քոյունջուն: Երեք ամիս անընդմեջ ինձ պահել-պահպանել էր: Ծնվել ու մեծացել էր Դիարբեքիրում: Նա ևս Սուրբ Կիրակոսում շնչել էր խունկի բույրը: Հանձն առավ եկեղեցին վերջնական ավիրումից փրկելու գործը: Նրա դասընկերները բարձր պաշտոններ ունեին: Նաև վերջինների աջակցությամբ Դանիելը գլխավորեց եկեղեցու հիմնադրամի կազմավորման գործը: Եվ` երջանիկ ավարտ. եկեղեցին վերականգնվեց: Քանդված զանգակատան տեղում նույնը կառուցեցին` նախկինի բարձրությամբ: Թեկուզ և հատուկ թույլտվությամբ, այնուամենայնիվ 40 տարի անց առաջին պատարագը մատուցվեց: Աշխարհի բոլոր ծայրերից հայեր էին եկել: Այդ մեծ եկեղեցու ներսն այնքան էր լցված մարդկանցով, որ մեծ մասը բակում էր կանգնել: Այստեղ անգամ կանգնելու տեղ չէր մնացել: Դանիելը շատ երջանիկ էր: Տարիներ անց վերստին խունկի բույրն էր շնչել և այլոց շնչել տվել Սուրբ Կիրակոսում: Սև լուր հասավ. Դանիելի սիրտը կանգ էր առել. չկարողացավ Սուրբ Զատիկը տեսնել, Սուրբ Հարության տոնի չյորեքները (Զատիկին պատրաստվող խմորեղեն, կուլիչ-Ակունքի խմբ), գույնզգույն հավկիթները… Աստված Դանիելի հոգին լուսավորի… (գրված է հայերենով-Ակունքի խմբ):

Հանկարծ մի փոթորիկ բարձրացավ: Տանկի ձայներ ու թնդանոթազարկեր լսվեցին. ամենուր ռազմի դաշտ դարձավ: Այն դեպքում, երբ 100 տարի անց վերստին մեկտեղվել էինք… երբ հողի տակն անցած ածուխը նորից սկսել էր մարմանդ կերպով այրվել, կրկին հողի տակ թաղվեց: Ամեն բան միանգամից անհետացավ: Գրեթե 3 տարի է, որ եկեղեցի մտնելն արգելված է: «Գյավուր թաղի» մուտքն ու ելքը փակված են: Ոստիկանական տեղամասեր են բացվել: «Գյավուր թաղը» գետնին է հավասարեցվել: Ներկա պահին մի մզկիթից ու մեկ եկեղեցուց բացի` ոչ մի կառույց չի մնացել: Մնացյալ շինությունների ավերումն էլ դեռ շարունակվում է:

Ես այս ընթացքում, այսինքն` 3 տարի շարունակ, ամեն կիրակի փորձել եմ «Գյավուր թաղ» գնալ` կրկին խնկի բույրն առնելու հույսով: Արգելվա՛ծ է:

Այս կիրակի այլևս չդիմացա. եկեղեցու գտնված վայրի հետնամաս գնալով` հաջողեցի ներս մտնել` Սուրբ Կիրակոսի բակում գտնվող մի փոքրիկ կառույցի պատին արված անցքի միջոցով: Խնամքով վերականգնված խորանները քարուքանդ էին եղել, իսկ աթոռները` խրամատի վերածվել: Եկեղեցին լեցուն էր աղբով, որը գոյացրել էին ամիսներով այդտեղ մնացած անձիք: Գետնին ընդեղեն էր թափված, քաղցրավենիքի և պահածոյի տուփեր, չորամրգեր, վերմակ և այլն…

Սակայն ամենասարսափելին այն էր, որ գողացված էին եկեղեցու սյուները միմյանց կապող բոլոր կամարները, որ կապարից էին շինված: Պարիարքական աթոռը տարվել էր փոքր եկեղեցի: Պատերը շատ չէին վնասվել, բայց պատուհանների բոլոր ապակիները կոտրված էին:

Թալանվել ու հրկիզվել էր Սուրբ Կիրակոսի այն հատվածը, որը նախատեսված էր ընծաների համար: Կարծես թե «Հոր կրոնը իր կյանքից վեր դասող» Գյուլիզարի (խոսքը գնում է մշեցի հայ Գյուլիզարի մասին, որի հայրը հոգևորական էր: Գյուլիզարն առևանգվել էր մի քուրդ աղայի կողմից: Սակայն նա չէր համաձայնվում ամուսնանալ մուսուլմանի հետ: Գյուլիզարին իսլամացնելու համար շատ են ջանքեր գործադրում, բայց նա մահմեդականներին ասում է. «Ես հորս կրոնից երբեք չեմ հրաժարվի»: Այս պատմությունը ներկայացված է նաև մի քրդական երգում-Ակունքի խմբ.) սև բախտը վերադարձել ու պահպանվում էր: Սևաբախտ Գյուլիզարն էր կանգնած այդ ավերակների մեջ…

Երեք տարի անց առաջին անգամ մոմ վառվեց եկեղեցում… Գուցե մութը ցրվի` մոմի կրակի շնորհիվ… Կարճ աղոթք արեցի` «Ազա~տ ապագա»: Քարաջա լեռան փեշին հիմնված Տիգրանակերտը սև քարերից էր կառուցվել` իր սև բախտի նման, սևաբա~խտ Սուրբ Կիրակոս…

Եկեղեցու մոտ սև քարե տաշտում նստած սև կատուն էլ էր վկայում, որ սև բախտը հղի էր սև օրերով…

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Scroll Up