«Արարատ» հայկական միության կողմից ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին միացել է նաև Ձախ Միությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/unnamed.png)
Վերջերս Միսլատայի քաղաքապետարանում «Արարատ» հայկական միության կողմից ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին միացել է նաև Ձախ Միություն կուսակցությունը՝ իր հերթին դիմում ներկայացնելով ավագանուն, առաջիկա նիստում հարցը քննարկելու համար: Կուսակցության խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան տեղի հայ ազգաբնակչության լավագույն բարեկամներից է, ում ուրախացնում են հայերիս ձեռքբերումները և անհանգստացնում մեր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները: Նա, ի դեմս Ձախ Միության, ակտիվորեն մասնակցում է հայկական միության կազմակերպած բազմաբովանդակ միջոցառումներին, մեկենաս լինում խնդիրների լուծմանը:
Կուսակցությունն իր դիմումի մեջ հակիրճ ներկայացնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունը, պատճառներն ու հետևանքները, դատապարտում մարդկության դեմ ուղղված այդ անմարդկային ու դաժան հանցանքը և հորդորում Իսպանիայի նախագահին, երկրի և Վալենսիայի խորհրդարաններին հետևել Միսլատայի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկի դեկտեմբերի նիստի ընթացքում և, Սալվադոր Գարսիա դե լա Մոտայի լիակատար համոզմամբ, միաձայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով դառնալով այդ իմաստով առաջին քաղաքն Իսպանիայում:
«Արարատ» հայկական միության, իսպանահայության և համայն հայության անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Միսլատայի քաղաքապետարանին և, հատկապես, Ձախ Միությանն ու նրա խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտային, իրենց անձնվեր գործի համար և ևս մեկ անգամ հորդորում Իսպանիայի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Արարատ Ղուկասյան, Վալենսիա (Իսպանիա)