Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն է

«11 մլն հայերի 87 տոկոսն ապրում է 6 երկրում, այսինքն՝ համաչափ տարածված է ամբողջ աշխարհում: Քիչ թվով հայեր կան 18 երկրներում՝ Դոմինիկյան Հանրապետությունում՝ 75 մարդ, Սվազիլենդում՝ 10 մարդ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ հայերենով խոսում է մոտ 6-7 մլն իրեն հայ համարող մարդ»,-ասաց Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ամեն տարի ծնվում է մոտ 40,000 երեխա: Սակայն եթե նախկինում Հայաստանում քաղաքաբնակները նախատեսում էին ունենալ 2-3 երեխա, իսկ գյուղաբնակները՝ 3-4, ապա այժմ թիվը կրճատվել է՝ դառնալով 1-2: Հայաստանում 5-ից ավելի երեխա ունի կանանց 1,3 տոկոսը: Ծնելիության անկման պատճառը կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքի բարձրացումն է՝ մոտ 30 տարեկան: Սակայն Ռուսաստանում հայ կինը ծնելիությամբ 2-րդն է` չեչեններից հետո: Ապահարզանների թիվը Հայաստանում մնացել է նույնը:
«ՄԱԿ-ն ունի կրճատվող, կայուն և աճող ազգերի ցուցակ: 2014-ին հայերը հայտնվել էին կրճատվող ազգերի ցուցակում: Սակայն հետո, երբ նրանք տեղեկացան, որ հայեր կան շուրջ 105 երկրում, մենք մտանք հավերժ ազգերի ցուցակի մեջ»,-եզրափակեց Ադիբեկյանը:
Հուլիսի 11-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երկրագնդի բնակչության օր: Տոնի համար հիմք են եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց` 1987 -ի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատել է 5 միլիարդի սահմանագիծը: