Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցին այսօր հրաժեշտ է տվել 185 շրջանավարտ

Այսօր Ստեփանակերտի՝ Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական տարվա ավարտը եզրափակող «Վերջին զանգ»-ի տոնական արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության դրոշի ներսբերմամբ և պետական օրհներգի հնչեցմամբ: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի ընթացքում, հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների հիշատակը:

Միջոցառմանը ներկա ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը շնորհավորել է շրջանավարտներին և մասնավորապես ասել. «Վերջին տարիներին ուսման գործի նկատմամբ աշակերտների վերաբերմունքի փոփոխության լուրջ առաջընթաց է նկատվում, որոնք ակնառու են առարկայական օլիմպիադաների, ինտելեկտուալ խաղերի, ինչպես նաև գերատեսչական ստուգումների արդյունքներում:

Այսօր դուք ամփոփում եք տարիներով ձեռք բերած գիտելիքները` յուրովի հիշելով ուսումնառության տարիների այն պահերը, որոնք անմոռաց կմնան ձեր ողջ կյանքի ընթացքում: Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կյանքում. դուք ապագա մասնագիտական ընտրություն կատարելու շեմին եք: Ձեզ բարի երթ»:

Դպրոցի տնօրեն Աիդա Ապրեսյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին և իր խոսքում նշել. «Վստահ եմ, որ ձեր իսկ ջանքերի և աշխատանքի շնորհիվ նպատակները լինելու են հասանելի, երազանքները` իրագործելի, իսկ հաջողությունները` անխուսափելի»:

Դպրոցն 185 շրջանավարտները հանդես են եկել շնորհակալական ելույթներով, հայրենասիրական երգերով ու պարերով:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԱՀ պաշտոնատար անձինք, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Scroll Up