Լոս Անջելեսի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն ամփոփում է ուսումնական տարին

Հայապահպանության կարևոր գործոններից մեկը մայրենի լեզվի, հավատքի ու ինքնության պահպանումն է։ Այս վսեմ առաքելությանն է ծառայում Հյուսիսային Ամերիկայի  Արևմտյան թեմ Առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարի  «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը։ Այն հայկական միօրյա վարժարաններից ամենամեծն է աշխարհում, ուր  սովորում են տարբեր տարիքի շուրջ 250 աշակերտ: Հաստատությունն առաջիններից է, որ ամբողջովին որդեգրել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերը, ուր կրթական ծրագիրը հիմնված է Կալիֆորնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրա (Cammon Core State Standarts): Դասարանների բաշխումը կատարվում է ըստ լեզվի իմացության: Ուսումնական տարին 10 ամիս է՝ սկսվում էօգոստոսին և ավարտվում մայիսին: 2015թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից ճանաչվել է Մայրենի  լեզվի  պահպանման լավագույն  հաստատություն՝ արժանանալով գլխավոր  մրցանակի  ու դիպլոմի։ Այս դպրոցի ավարտական վկայականը ամերիկյան կրթական հաստատությունների կողմից ճանաչվում է  որպես  երկրորդ  օտար  լեզվի  վկայագիր։

 «Փոքրիկ հրեշտակներ»-ում դասավանդում են արհեստավարժ մանկավարժներ, որոնց  փորձառության և անսահման նվիրումի շնորհիվ դպրոցում տիրում է սիրո ու համերաշխության, ջերմ մթնոլորտ։

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2016-2017թթ. ուսումնական տարին սովորականի պես հագեցած էր, որովհետև ավանդական կազմակերպվող միջոցառումները ոչ միայն բարձրացնում են աշակերտների ազգային ոգին, այլ նաև սեր  ու հետաքրքրություն են առաջացնում դեպի մեր դարավոր մշակույթը, պատմությունն ու կրոնը: Տարվա ընթացքում կազմակերպվում են նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներ, որոնց մասնակից են դառնում նաև ծնողները: Նմանօրինակ ուրախ ձեռնարկներից էր Սուրբ ծննդյան տոնին նվիրված հանդեսը, որն ուղեկցվում էր ուրախ երգերով, բանաստեղծություններով, ինչպես նաև՝ առատաձեռն  ձմեռ պապիկի ոգևորող ներկայությամբ ու բարեմաղթանքներով։

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունենում համայնքի տարբեր միջոցառումներին։ Արևմտյան թեմի ստեղծման 90-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված համաերիտասարդական եռօրյա միջոցառումներին դպրոցի մասնակցությունը վերածվել էր հավատքի վերականգման, ուխտի և համախմբվածության տոնակատարության:

Աննախադեպ էր  Հայոց Ցեղասպանությանն 102-րդ տարելիցին նվիրված հավաքը: «Փոքրիկ հրեշտակներ»-ը՝ որպես թեմի միօրյա մայր դպրոց, հյուրընկալել էին քույր դպրոցների  շուրջ 500 աշակերտի։ Համատեղ պատշաճ հայտագրից հետո դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության խաչքարի առջև, ապա հաղթանակի ու փյունիկի պես վեր հառնող հայ ժողովրդի խորհրդանշական պատկերներով զարդարեցին առաջնորդարանի բակը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին Գլենդելից տեղեկացնում է Անահիտ Ամիրյանը,  Ուսումնական տարեվերջյան ավարտական միջոցառումը տեղի ունեցավ 2017թ. մայիսի 20-ին, Գլենդելի «Գլին Արդեն քլաբ» սրահում։ Միջոցառման ընթացքում առաջին դասարանի աշակերտները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված գեղեցկահյուս բանաստեղծություններով ու երգերով, որից հետո նրանց շնորհեցին «Տառաճանաչության» վկայականներ։ Ինքնատիպ էր ավարտական 6-րդ դասարանի աշակերտների ելույթը. նրանք ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած «Հայտնի հայեր» -ի մասին իրենց հետազոտությունների սղագրությունը, որն սկսում էր 5-րդ դարի նշանավոր դեմքերից՝ մինչև ժամանակակից մտավորականների աստղաբույլի ներկայացուցիչնեըը։ Աշակերտները գեղեցիկ անակնկալ մատուցեցին նաև Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի ծննդյան 40-ամյակի առթիվ։

Ավարտին ներկաներին իր օրհնությունը բաշխեց Առաջնորդ, բարձրաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Ապա, ներկաները հետևելով Սրբազան հորը,  հոտնկայս կատարեցին միասնական ուխտ։

Աշակերտները մեկնեցին ամառային հանգստի, իսկ դպրոցի ղեկավարությունը սկսում է նախապատրաստել  2017-18 ուսումնական տարվա կազմակերպչական աշխատանքները։ Նոր աշակերտների ընդունելությունը մեկնարկելու է հուլիսի 10-ից։

%d5%a7

 

 

Scroll Up