Այցելություն Ղազախստանում թաղված Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի շիրիմին

Մայիսի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի, Ակմոլայի մարզի և Կոկչետավ քաղաքի մի խումբ մեր հայրենակիցներ այցելեցին Ակմոլայի մարզի Եսիլ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հանգչում է Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանատնից, հերոսի շիրմաքարին  ծաղիկներ են դրել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, դեսպանության 1-ին քարտուղար Մհեր Բադալյանը, Եսիլի շրջանի ակիմ Ամանբեկ Կալժանովը, հայկական համայնքների ղեկավար Նորիկ Մագլամյանը (Կոկչետավ), Սահակ Սալումյանը (Աստանա) և այլք:

Այս կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ դեսպան Արա Սահակյանն իր ելույթում հատուկ ընդգծեց հայ ժողովրդի զավակների անձնուրաց մասնակցությունը 2-րդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում ու թիկունքում, կոչ արեց վառ պահել Հաղթանակը կռած հերոսների հիշատակը և առողջություն մաղթեց բոլոր վետերաններին:

Դեսպանը և նրան ուղեկցող հյուրերը հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ, որոնք հայտնեցին, որ մինչ օրս հիշում են հայ Հերոսին՝ որպես աշխատասեր, բարի ու համեստ անձնավորության:

Եսիլի մեր հայրենակիցները Ն․Մագլամյանի հովանավորությամբ բարեկարգել ու պատշաճ տեսքի են բերել Հերոսի շիրիմը:

Իշխան Սարիբեկյանը ծնվել է 1912թ. Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն գորա անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած  բացառիկ արիության համար: Պատերազմից հետո ապրել և աշխատել է Ղազախստանի տարբեր քաղաքներում: Մահացել է 1990թ., Եսիլում (հեռավորությունը՝ Աստանայից, 400 կմ ):

%d5%a9

Scroll Up