Ստամբուլահայությունը նշել է Քալֆայան վարժարանի 150-ամյակը
Պոլսահայ համայնքը նշել է Ստամբուլի Քալֆայան հայկական վարժարանի հիմնադրման 150-ամյակը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Միջոցառման ժամանակ վարժարանի սաները ներկայացել են հայկական ավանդական տարազներով, որոնք պատկանում են ստամբուլահայ ոճաբան Ժուլիա Մութլուի հավաքածուին. հավաքածուն ավելի վաղ ցուցադրվել է նաև Գերմանիայում և Հայաստանում: Երեկոյի ընթացքում ցուցադրվել է նաև Քալֆայան վարժարանի հիմնադրման ու անցած ուղու մասին պատմող հատուկ տեսահոլովակ:
«Այսօր Քալֆայանը միակ վարժարանն է, որ բացի ստամբուլահայ աշակերտներից՝ ընդունում է Արևմտյան Հայաստանի տարբեր ծայրերից հասած բազմաթիվ հայ երեխաների՝ որպես գիշերօթիկ դպրոց: Քալֆայանը նրանց համար իրենց հայկական ինքնության, մշակույթի և լեզվի բացահայտման բույնն է», – tert.am-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Քալֆայան վարժարանի մանկատան հիմնադրամի նախագահ Դիանա Քամփարոսյանը:
Քալֆայան վարժարանը Կ. Պոլսի հայ համայնքին պատկանող 4 հաստատություններից մեկն է` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի, Կարագյոզյան և Ազգային վարժարանների հետ միասին (Ստամբուլում գործող մյուս 13 հայկական վարժարանները մասնավոր են):
2000-ականների սկզբին, երբ Ուսքյուդար թաղամասում, որտեղ գտնվում է Քալֆայան վարժարանը, հայ համայնքն ավելի նոսրացավ, որոշում կայացվեց, որ թաղամասի չորս հայկական վարժարաններից առավել կարևոր է Քալֆայանի դերը, և Ուսքյուդարի Ներսեսյան, Երմոնյան, Սեմիրջյան վարժարանների փակվելուց հետո բոլոր աշակերտներին տեղափոխեցին Քալֆայան: Սակայն, քանի որ Քալֆայան վարժարանն ուներ ոչ այնքան լավ շենքային պայմաններ, վարժարանի ամբողջ անձնակազմը տեղափոխվեց հայտնի Բալյան ընտանիքի կառուցած Սեմիրջյան վարժարանի շենք` պահպանելով Քալֆայան անունը: