Հոլիվուդի Ս․ՀովհաննուԿարապետ եկեղեցու ամենամյա Միջինքը

Քառասնորդական պահքի ճանապարհորդների համար հոգևոր ուրախության օր է Միջինքը: Այն Հայոց տոնացույցի համաձայն տեղի է ունենում Աղուհացի շրջանի 24-րդ օրը, որով կիսվում էՄեծ պահքը: Այդ առթիվ հատուկ եկեղեցական արարողություններ չկան, բայց Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում այն ավանդաբար նշվում է մեծ շուքով:

Ուշագրավ է, որ անցնող տարվա նոյեմբերի 6-ից եկեղեցում դադարեցվել են հոգևոր արարողությունները և մեկնարկել է երկա՜ր սպասված սրբազան վերաշինությունը։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը, չունենալով եկեղեցական պայմաններ և հավատարիմ ձևավորված սովորույթին՝ 2017թ․-ի մարտի 22-ին, երեկոյան 6․30-ին, ծխական անդամները կարոտով, սիրով և ուրախությամբ հավաքվել էին  եկեղեցու «Տաղլյան» մշակութային կենտրոնում, ուր  յուրահատուկ հոգեպարար մթնոլորտում տեղի ունեցավ Հանգստյան ու Խաղաղական ժամերգություններ։  Մթնշաղին կատարվող հսկման ընթացքում ներկաներն ունեցան ինքնաքննության և խոկալու հրաշալի առիթ։ Շուրջ 250 հավատացյալների շուրթերից սրտաբուխ աղոթք էր բարձրացվում նաև եկեղեցու ապահով ու շուտափույթ վերակառուցման, նվիրատուների, սպասավորների, շինարարների և Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցու Մեծ Ընտանիքի անսասանության համար։

Ժամասացության ավարտին, առաքելական սովորության համաձայն, ներկաները ճաշակեցին սիրո ընթրիք: Եկեղեցու պաշտոնեությունը պատրաստել էր գեղեցիկ անակնակալ՝ երեկոն համեմելով գեղարվեստական հայտագրով:

Հանդիսության սկզբում իր օրհնության խոսքն ասաց եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ․ Մանուկ ավագ քահանա Մարգարյանը, ապա համայնքի տաղանդավոր մտավորականներից Հարություն Ֆոդուլյանը օրը համեմեց չարենցյան շնչով ու ոգով։ Իր ազգային ու աշուղական կատարումներով ներկաներին խանդավառեց «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցներից Սուրեն Ավոյանը:

Նմանօրինակ հոգեմտավոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժեքներով, ուժ են հաղորդում Մեծ պահքի հավատավոր ուխտավորներին՝ դառնալով դեղ ու դարման հայենակարոտ ու ասվածասեր սրտերի համար:

Վերջում հովվի «Պահպանիչ» աղոթքով ու ջերմ բարեմաղթաննքերով ներկաները մեկնեցին՝ իրենց հետ տանելով սեր և օրհնություն։

%d5%b4%d5%ab%d5%bb%d5%ab%d5%b6%d6%84

 

Scroll Up