«Հայաստան» հիմնադրամն ախտորոշիչ բուժլաբորատորիա է հիմնել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/գյումրի-300x225.jpg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Շվեյցարիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ բիոքիմիական հետազոտությունների ախտորոշիչ լաբորատորիա է հիմնել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը՝ տրամադրելով անհրաժեշտ կահույք եւ սարքավորումներ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքզերճիէան ընտանիքների եւ Քիրքոր Շիմշիրողլուի միջոցներով էլ լաբորատորիային նվիրաբերվել է ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարք:
Մանկատանն ապրում է մտավոր եւ ֆիզիկական շեղումներով մինչեւ 6 տարեկան շուրջ 130 երեխա: Հաստատության տնօրեն Աննա Գեւորգյանի խոսքով՝ երեխաները հետազոտության նպատակով առ այսօր պարբերաբար տեղափոխվում էին հանրապետության տարբեր բուժհաստատություններ: «Ախտորոշիչ լաբորատորիայի առկայությունը հնարավորություն կտա հետազոտությունների հիմնական մասն իրականացնել տեղում՝ մեր բուժմասնագետների կողմից, ովքեր մասնագիտանում են նոր սարքավորումների վրա: Արագ ախտորոշումը թույլ կտա հիվանդությունների բարդացումները վաղ փուլում հայտնաբերել եւ արդյունավետ բուժում իրականացնել: Բացի այդ, մանուկներն ու անձնակազմը ստիպված չեն լինի ամեն անգամ կրել տեղափոխության հետ կապված դժվարությունները»,-նշում է տնօրենը:
Վերջին վեց տարիներին Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել են մանկատան երկու մասնաշենքերը /ընդհանուրը 900 քմ տարածք/` համալրվելով նոր կահույքով, վերակառուցվել եւ կահավորվել է բաց խաղահրապարակը, կառուցվել՝ թերապեւտիկ նշանակության փակ լողավազան: