Չեզոք գոտուց տարհանվել են ադրբեջանական գրոհայինների դիակները. ՊԲ

Քիչ առաջ ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Ի դեպ, երեկ՝ փետրվարի 25-ին, ադրբեջանական մեղքով դիակների չստացված փոխանակման մասին՝ հեռուստալրագրող Արշակ Զաքարյանը տեսանյութ-վերլուծություն է հրապարակել, որտեղ պարզ երևում են ադրբեջանցի դիվերսանտների դիակները:

Scroll Up