Վերագործարկվում է Երևանի կաշվի գործարանը

«Մենք ծրագրում ենք նաև կաշվե իրերի հայկական արտադրություն՝ կոշիկ և կաշվե իրեր՝ ձեռնոցներ, պայուսակներ, գոտիներ և այլն»: Այսօր Երևանի վերագործարկվող կաշվի գործարան այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին նպատակները ներկայացրել է գործարանի գործադիր տնօրեն Աշոտ Գոմցյանը:
Նա նշել է, որ գործարանը ներկայումս 100-ից ավելի աշխատակիցներ ունի, 3 ամսից, երբ ավարտվի հումքի մշակումը, նրանց թիվը կավելանա։ Իսկ ընթացիկ տարվա ավարտին ներդրողները նախատեսում են ստեղծել 700 աշխատատեղ։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սուրեն Կարայանը շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին։ Նա նշել է, որ պարբերաբար այցելելու է գործարան՝ իրազեկվելու խնդիրներին, ինչպես նաև դիտարկելու պետության աջակցության գործիքակազմի և ծրագրի շրջանակներում տրվելիք օժանդակությունը։ Նախարարի խոսքով՝ հաջորդ այցը կլինի երեք ամիս անց, երբ գործարանը ավարտին կհասցնի կաշվի մշակման ողջ ցիկլը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համատեղ գործողությունների արդյունքում կաշվի արտադրության ողջ շղթան՝ հումքի մշակումից մինչև կաշվե իրերի վերջնական արտադրություն, տեղի ունենա Հայաստանում՝ ստեղծելով ավելացված արժեք»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Սուրեն Կարայանը։
Նախարարի առաջարկով գործարան են այցելել նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի նախարարության և կազմակերպության կողմից քննարկվի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում գործարանին տրվող հնարավոր աջակցությունը։