«Ակօս»-ը շարունակելու է լինել հայկական համայնքի ձայնը. Եդվարդ Դանզիկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակoս» պարբերականը հիմնադրի` Հրանտ Դինքի մահից հետո էլ թերթը շարունակում է նրա սկսած ուղին: Այս մասին գերմանական Deutsche Welle պարբերականին ասել է «Ակօս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

«Առաջին օրվանից ի վեր փորձում ենք արժանի լինել Հրանտ Դինքի կողմից ողջ կյանքի ընթացքում հանուն խաղաղության և երկխոսության մղած պայքարին»,- նշել է Դանզիկյանը:

Խմբագիրը հայտնել է, որ թեպետ «Ակօս»-ը շարունակում է գործունեությունը դժվար պայմաններում, սակայն իր լրատվությամբ նպատակ ունի նպաստել հասարակության և պետության կողմից Հրանտի մահվանը հանգեցրած մթին կառույցի հետ առերեսմանը: «Ի վերջո «Ակօս»-ը ոտքի վրա պահողը հայկական համայնքն է: Դրա կողմից տրվող փոքր հայտարարություններով, բաժանորդագրության օգնությամբ էլ աշխատում ենք մնալ ոտքի վրա: Թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը մեզ մոտիկից հետևում են` որպես Թուրքիայում հրատարակվող հայկական թերթ: Անկախ ամեն ինչից` մենք շարունակելու են «լինել հայկական համայնքի ձայնը»,- նշել է Դանզիկյանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում հայկական հարցը շարունակում է ցավոտ համարվել: Որպես ասվածի ապացույց` նա հիշեցրել է, թե ինչպես թուրքական մեջլիսում Գարո Փայլանը երեք նիստով հեռացվեց խորհրդարանի աշխատանքներից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար: «Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից առաջին անգամ չկիրառեց «ցեղասպանություն» եզրույթը: Ավելի վաղ ևս ասել էր: Սակայն հասկանում ենք, որ տվյալ ժամանակաշրջանի ոգին նման արձագանք է ծնում»,- ասել է Դանզիկյանը`փաստելով, որ շատ բարդ է հասկանալ, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայկական հարցում ինչն է անում անկեղծորեն:
Scroll Up