Սերժ Թանկյան. Կարո Փայլանն իրական հերոս է

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը բարձր է գնահատել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, երբ նա Թուրքիայի խորհրդարանում իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին:
Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրառման մեջ Կարո Փայլանին «իսկական հերոս» է անվանել:
«Այնպիսի նշանավոր օր, ինչպիսին այսօր է, նշելով Մարտին Լյութեր Քինգի օրը, ինչպես նաեւ այն ամենը, ինչի համար նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը վռնդում է պատգամավորին՝ Ցեղասպանության մասին հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, որովհետեւ բավական հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակության մեջ, որտեղ դա չունի հետեւանքներ, եւ շատ վտանգավոր է խոսել այնտեղ, որտեղ դա ունի հետեւանքներ: Ես բացառիկ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան նախորդ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»,-գրել է Թանկյանը: