ԼՂՀ վարչապետը հանդիպել է ծխախոտագործների հետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին՝ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների և«Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի մասնակցությամբ, հանդիպել է ծխախոտագործությամբ զբաղվող հողօգտագործողների հետ և  քննարկել ճյուղի զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծխախոտագործությունը հեռանկարային բնագավառ համարելով՝ կառավարության ղեկավար Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված են բարենպաստ պայմաններ ճյուղը հանրապետությունում նշանակալիորեն զարգացնելու համար, մանավանդ՝ ունենալով այնպիսի  բարեխիղճ ու արհեստավարժ գործընկեր, ինչպիսին «Մասիս տոբակո»ընկերությունն է:

Հանդիպմանն ընկերության գործադիր տնօրեն Հ. Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի ներկա վիճակը, ապրիլյան դեպքերի և  եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ծագած խնդիրները և համապատասխան խորհրդատվություն ու այլ աջակցություն ցուցաբերելու պայմաններում ակնկալել փոխշահավետ համագործակցություն:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ այսուհետ ևս ծխախոտագործները ստանալու են պետական աջակցություն: Սակայն անբարեխիղճ հողօգտագործողների հետ ոչ միայն չեղյալ է հայտարարվելու պայմանագիրը, այլ նաև նրանք զրկվելու են պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից:

Ա. Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին ընդլայնել ծխախոտի մշակության հողատարածքները, իսկ գյուղնախարարությանը՝ մի շարք տեղերում արտեզյան ջրհորներ փորել՝ կաթիլային ոռոգումն ապահովելու համար:

Գյուղնախարարության և ընկերության միջև  ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծխախոտագործությամբ զբաղվողների համար առաջիկայում դասընթացներ կազմակերպելու շուրջ:

Հանդիպման ավարտին հողօգտագործողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, հանդես եկել առաջարկներով և ստացել համապատասխան պարզաբանումներ:

%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad1

 

Scroll Up