Դասական երաժշտության համերգ Մոնրեալում` ի աջակցություն Հայաստանի երեխաների

Դեկտեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո և «Atken Armenian» հիմնադրամի նախաձեռնությամբ Մոնրեալ քաղաքում ի աջակցություն Հայաստանի մանուկների կայացավ դասական երաժշտության համերգ, որը հիմնադրամի առաջին խոշոր ձեռնարկն էր՝ ուղղված Հայաստանի գյուղական շրջաններում երաժշտական կրթության սատարմանը և տաղանդաշատ սաների հայտնաբերմանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգին ներկա էին մեծ թվով արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ ունեցած իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը շնորհակալություն հայտնեց «Atken Armenian» հիմնադրամին` միջոցառման կազմակերպման համար և ընդգծեց, որ նմանատիպ մշակութային ձեռնարկների շնորհիվ հիմնադրամը կարողանում է Հայաստանի մանուկներին երաժշտական կրթություն ստանալու նոր հնարավորություններ ընձեռել: Դեսպանը նշեց, որ համերգը կարելի է համարել 2016 թվականի ընթացքում Կանադայում կայացած բազմաթիվ մշակութային միջոցառումների եզրափակիչ գեղեցիկ ակորդներից մեկը:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան հայազգի հայտնի օպերային երգչուհի Ալին Կութանը, «ՀԱՅԿ» վոկալ քառյակը, «McGill» կոնսերվատորիայի երեխաների և երիտասարդների երգչախումբը, երաժշտական այլ խմբեր և անհատ կատարողներ:

Scroll Up