Գերմանացի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շքանշանով

Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում տեղի ունեցավ գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգևով` «Բարեկամության» շքանշանով, պարգևատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց Էրիկ Ֆրիդլերի մեծ ավանդն ու դերակատարությունը հայ-գերմանական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։

Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Բախի, Սոլլիմայի, Կոմիտասի ստեղծագործությունները՝ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ:

Scroll Up