Daily Mail-ը Հենրիխ Մխիթարյանին տվել է ամենաբարձր գնահատականը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Mkhitaryan.jpg)
Daily Mail-ը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին գնահատականներ է տվել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում: Ամենաբարձր՝ 8 գնահատականի արժանացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել էր միակ ու հաղթական գոլի հեղինակ:
«Շարունակում է փայլել: Տպավորիչ ձեւով ձերբազատվեց պաշտպանից եւ գոլ խփեց: Հենրիխը լավ տեսք ուներ ամբողջ խաղի ընթացքում, մինչեւ որ Դենի Ռոուզի սահանկման պատճառով պատգարակով լքեց խաղադաշտը»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 87 տոկոսը: Խաղի 29-րդ րոպեին նա առաջին գոլն է խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում: