Հայկական հետքեր Արդվին նահանգի Արդանուջ գավառի Ադաքալե թաղամասում

Թուրքիայում հայ բոշաների ներկայիս դրության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով Akunq.net–ից Մելինե Անումյանն այցելել է Արդվին նահանգի` լոմերով հոծ բնակեցված Արդանուջ (հայկական անվանումը` Արտանույշ) գավառ, որտեղ հանդիպել է  ազգությամբ բոշա Յաշար Քարաթաշին: Յաշարը ոչ միայն սիրով տեղեկություններ է  հաղորդել սույն գավառում բնակվող իր ազգակիցների մասին, այլ նաեւ` ցույց տվել տեղի Ադաքալե` Գեւհերնիք թաղամասում մնացած հայկական հետքերը:

Ճորոխի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ ափին, Արդվին քաղաքից 21—22 կմ հարավ-արեւելք, լեռան զառիվայրում գտնվող Արդանուջը նախկինում հիմնականում բնակեցված է եղել միայն հայերով, որոնց մեծ մասն սպանվել է` Արդանուջի` մինչ այժմ Սեսլի (Ձայներ արձակող) քայա կոչվող ժայռից նետվելով դեպի Ջեհեննեմ դերեսի` Դժոխքի ձոր։

Նախքան թաղամաս հասնելը կանգ առանք նաեւ Դժոխքի ձորի մոտ եւ մի քանի լուսանկարներ արեցինք, սակայն չկարողացանք երկար մնալ այնտեղ, քանի որ մեզ թվում էր, թե դեռ լսվում են այդ սահմռկեցուցիչ կոտորածին զոհ գնացած հայերի ձայները…

Ադաքալեում գտնվել են 4 հայկական եկեղեցիներից, որոնցից միայն ավերակներ են պահպանվել: Ահա այդ եկեղեցիներից մեկը, որից ցավոք մոտ ապագայում, ըստ երեւույթին, այլեւս հետք չի մնա…

Յաշար Քարաթաշը մեզ ցույց տվեց նաեւ տեղի հայկական գերեզմանոցը: Տապանաքարերը թեեւ պահպանվել էին, բայց այլեւս հնարավոր չէր ընթերցել դրանց վրայի հայերեն գրությունները:

Երբ անցանք մի տան մոտով, մեր ուղեկիցը հայտնեց, որ այն հայկական տուն է եղել, որի հետագա տերն այնտեղ մեծ գանձ է գտել` մնացած հայերց։

Նախկինում Արդանուջը գտնվում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կղարջք գավառի սահմաններում եւ վերջինիս կենտրոնը համարվում։ Արտանույշը նաեւ  Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր թեմի կենտրոնն էր։ 1907 թ. այն ուներ 1214 բնակիչ, մեծ մասը` հայեր, իսկ ներկայում այստեղ հայերից միայն հատուկենտ հետքեր են մնացել։

Scroll Up