Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցին վերակառուցվում է
Լոս Անջելեսում շուրջ չորս տասնամյակ իր ազգապահպան ու քրիստոսանվեր առաքելությունն է իրականացնում Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը:
Տարիների հեռավոր հոլովույթներից անցնելով` եկեղեցին տեսել է բազմաթիվ դժվարություններ, սակայն հաղթահարելով դրանք, շարունակել է իր անսակարկ ծառայությունները մատուցել մեր ժողովրդին:
Ժամանակի հրամայականով եկեղեցու պաշտոնեությունը՝ գլխավորությամբ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի, ծրագրեր էր մշակում, եկեղեցին հիմնովին վերակառուցելու ուղղությամբ:
Երկարատեւ կազմակերպչական աշխատանքները հասան իրենց լրումին, որի արդյունքում վերջնականապես հաստատվեցին հատակագիծը եւ շինարարության հետ կապված թույլտվությունները: Նորակառույցը վեր խոյանալով աշխարհահռչակ Հոլիվուդի սրտում` յուրօրինակ խտացումը պիտի լինի արդի ճարտարապետության՝ օժտված նոր, հետաքրքիր լուծումներով։
2016 թ.-ի նոյեմբերի 6-ին ներկայիս եկեղեցական համալիրում տեղի ունեցավ պատմական վերջին արարողությունը: Օրվա պատարագիչ, թեմական առաջնորդ Հովնան սրբազանն իր խոսքում նշեց, որ նոր եկեղեցին պիտի դառնա ոչ միայն հայության, այլեւ Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը: Ապա ներկաներին հորդորեց, որ շինարարության ընթացքում քարին ու շաղախին խառնեն նաեւ իրենց սրտաբուխ ու անկեղծ աղոթքները՝ թեւ ու թիկունք լինելով եկեղեցու բազմավաստակ, երախտավոր հովիվ, արժանաշնորհ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանին:
Պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիր, նախկին առաջնորդ, գերաշնորհ Տ․ Վաչե արք․ Հովսեփյանը, արժանապատիվ Տ․Վազգեն քահանա Մովսիսյանը, ինչպես նաեւ գաղութի զանազան կառույցների ներկայացուցիչներ, մտավորականեր, խուռներամ հավատացյալներ։
Հավարտ պատարագի եկեղեցու հոգաբարձությունը «Ղազանչյան» սրահում կազմակերպել էր հյուրասիրություն, ուր տեղի ունեցավ մտքերի ջերմ փոխանակություն հավատացյալների ու պաշտոնեության հետ։ Ծխական անդամները հանդես եկան առաջարկություններով, որոնք քննարկվեցին նոյեմբերի 16-ի Հոգաբարձուների Խորհրդի ժողովում։ Արդյունքում որոշվեց, որ շինարարության ընթացքում, որը հավանաբար կտեւի 2 տարի, հովիվը եւ հարակից մարմինները հավատացյալների հետ իրենց կապը պիտի պահեն մշտական այցելություններով, եկեղեցու կողմից կազմակերպվող ամենամյա, ավանդական հանդիսություններով, ինչպես նաեւ ժամանակակից կապի ու հեռահաղորդակցության բոլոր միջոցներով։