Միշտ պատրաստ եմ իմ քնքուշ ձեռքով բռնել սառը զենքը

Արմինե Կարապետյանը սովորում է 12-րդ հումանիտար դասարանում: Նա ինձ զարմացրել էր դեռ ամիսներ առաջ` անցած ուսումնական տարում, երբ ասաց, որ ուզում է դառնալ դիպուկահարուհի: Ապրիլյան սարսափելի օրերից հետո մտածում էի, որ նա մտափոխվել է…Դասարանում երբեմն հայացքս զուգահեռվում էր նրա հայացքին, կարծես ուզում էի հարցնել այդ մասին, բայց լռում էի: Իսկ լռությունս իմ ներսում աղաղակում էր, որ զենքն ու զինվորական գործն այս նուրբ ու հեզիկ աղջկա համար չեն:
Բայց այս օրերին այդ համեստ կերպարի մեջ նորից տեսա այն «դիպուկահարուհուն», որ անգամ ապրիլյան օրերին ցանկացել էր լինել իր զինվորական հոր կողքին. «Այդ օրը` ապրիլի 2-ին, անընդհատ նայում էի ծնողներիս պատերազմ տեսած աչքերին: Ոչինչ չէի զգում մինչև այն պահը, երբ հորս կանչեցին զորամասից: Անընդհատ խնդրում էի, որ ինձ էլ վերցնի իր հետ: Ռմբակոծությունը գնալով սաստկանում էր, չէի կարողանում արտասվել, միայն «Հայր մերը» շուրթերիս փորձում էի հորս համոզել: Իսկ հայրս շուտափույթ փորձում էր բոլորիս հանել տնից: Ես ոչ մի կերպ չէի համաձայնվում, բայց հետո մեծ դժվարությամբ տնից դուրս եկա նաև ես»:
Նրա խոսքերում խոնարհում կար հերոս ծնած մայրերի առաջ, հպարտության զգացում, որ նորից քայլում է իր հարազատ քաղաքի փողոցներով, կար նաև այն մեծ երազանքը, որ դեռ չէր խամրել նրա մեջ անգամ ապրիլյան օրերից հետո: Ու ասես իր այս խոսքերում ես նորից գտնում եմ իմ լուռ հարցման պատասխանը, որ մինչ այդ չէի համարձակվել հարցնել, թե արդյո՞ք նա նույն մտքին է և ուզում է լինի զինվորի կողքին: «Ես պատրաստվում եմ ապագայում իմ պարտքը մատուցել հայրենիքիս: Կանգնել այն դիրքում, որտեղ եղել են մեր հերոս տղաները, պահել այն դիրքը, որ արյունով են պաշտպանել ու թշնամուն ապացուցել, որ «առյուծն առյուծ է, լինի էգ թե որձ»: Միշտ պատրաստ եմ իմ քնքուշ ձեռքով բռնել սառը զենքը ու թեկուզ կյանքովս տեր կանգնել այս հողին»:
Հպարտության զգացում ունեմ, բայց նաև տխրում է հոգիս, որ Արցախի դուստրը խաղաղ օրերի երազանքների կողքին չի մոռանում հայրենիքին զինվորագրվելու իր մեծ ցանկությունը, ու նորից հիշում եմ այն օրերի նրա խոսքերը. «Դեռ մանկուց սեր եմ ունեցել դեպի զինվորական համազգեստը, բայց երբևէ չեմ պատկերացրել, որ առիթ կունենամ այն հագնել: Մի անգամ փորձել եմ… Երբ այն կրում ես, կարծես ներսումդ մի ուրիշ աշխարհ է բացվում, այդ պահին մտովի տեղափոխվում ես սահմանագիծ…Կամ գուցե երազանքիս պատճառն այն է, որ մեծացել եմ զինվորականի՞ ընտանիքում, չգիտեմ»:
Իմ աշակերտուհին գերում է ինձ իր զինվորական դառնալու մեծ ցանկոււթյամբ, բայց նաև հայացքս դեպ երկինք եմ հառում, և Աստծուն ուղղված իմ աղերսանքներն աղոթք են դառնում, որ խաղաղ լինի երկնակամարը ու անփորձանք մեր սահմանապահ զինվորների ծառայությունը:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի