Բուխարեստում լույս է տեսել «Հայկական հետքերը Ռումինիայում›› աշխատությունը

Բուխարեստի ‹‹Վրեմիա›› հրատարակչությունում լույս է տեսել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հեղինակած ‹‹Հայկական Հետքերը Ռումինիայում›› աշխատությունը՝ մեկենասությամբ ռումինաբնակ Ստանա Բոգդանի:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ գիրքը բաղկացած է երկու գլխից և հավելվածից: Առաջին գլխում, որը վերնագրված է՝ «Հայերի գաղթը դեպի Ռումինիա և գաղթօջախների հիմնումը», հեղինակը անդրադարձել է հայ գաղթօջախների ձևավորմանը Մոլդովական հողում, եկեղեցա-շինարարական առաջին քայլերին, մշակութային և ազգային կենտրոնների հիմնադրմանը և այլն:
Երկրորդ գլխում հեղինակը ներկայացրել է հայ համայնքի պատմությունը Մոլդավիայում ԺԵ–ԺԶ դդ., անդրադարձել է նաև հայ համայնքի զարգացմանը հետագա դարերում, հայերի գործունեությանը Տրանսիլավանիայում և հատկապես Գեռլայում:
Հեղինակը մանրամասն ներկայացրել է նաև հայերի եկեղեցա-շինարարական գործունեությունը՝ առանձին-առանձին անդրադառնալով հայերի կառուցած վանքերին և եկեղեցիներին:
Հեղինակը վերոնշյալ գրքում անդրադարձել է հայ ժողովրդի երկու մեծ բարեկամների՝ Նիկոլայ Յորգայի և Վլադ Բընըցեանույի գործունեությանն ու նվիրմանը հայ ժողովրդին և հատակապես Ռումինիայում ձևավորված հայ գաղութին:
Հեղինակը հավելվածում ներկայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության կոնդակները ԺԴ-ԺԵ դդ, որոնք վերաբերում են Սուչավայի հայ համայնքին:
Այս գրքի տպագրումը նպատակ էր հետապնդում մեկտեղել Ռումինահայոց պատմությունը և ներկայացնել ամբողջական տեսքով, որը բազում տեղեկություններ է հաղորդում հայերի գործունեության մասին Ռումինիայում և օգտակար նյութ է պարունակում հետագա ուսումնասիրողների համար: