ՌԴ-ում աճում է հայկական գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը. Օլեգ Եսայան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/52998.jpg)
Ռուսաստանում սպառողների շրջանում աճում է պահանջարկը հայկական գյուղարտադրանքի նկատմամբ:
Այս մասին, հոկտեմբերի 6-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Դեսպանատնից հայտնում են, որ հանդիպմանը դեսպան Եսայանը, ողջունելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարին, ընդգծել է նշյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը: Դեսպան Եսայանը խոսել է նաև հայկական գյուղմթերքի ռուսաստանյան շուկա արտահանման և Ռուսաստանում սպառման հնարավորությունների ընդլայնման մասին՝ փաստելով, որ հայկական գյուղարտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է տեղի սպառողների շրջանում:
Իր հերթին Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Մոսկվայում կայացած ոլորտային քննարկումներին՝ ընդգծելով ռուսաստանյան շուկայում հայկական գյուղարտադրանքի հետագա ներկայացման ու հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում:
Դեսպանությունում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության առանցքային հարցերի շուրջ: