Հայաստանն ամենաշատ առեւտրաշրջանառությունն ունի ՌԴ-ի, Չինաստանի, Գերմանիայի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/առեւտրաշրջանառությունն.jpg)
Հայաստանի հետ 2016 թվականի հունվար-հուլիսին ամենախոշոր առևտրաշրջանառություն իրականացրած երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Գերմանիան, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Բուլղարիան:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանն արտաքին առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է ՌԴ-ի հետ, որը 2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 684 մլն 604.9 հազար ԱՄՆ դոլար (196 մլն 573,2 հազար դոլար արտահանում), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 10 տոկոսով:
Չինաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 218 մլն 835.4 հազար ԱՄՆ դոլար (արտահանում՝ 45 մլն 355,7 հազար դոլար), սակայն այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ նվազել է 19.2 տոկոսով:
2016 թվականի հունվար-հուլիսին Հայաստանը Գերմանիայի հետ իրականացրել է 178 մլն 824.2 հազար ԱՄՆ դոլար (78 մլն 18,7 հազար դոլարի արտանաում), որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.2 տոկոսով, Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 52,5 տոկոսով՝ կազմելով 147 մլն 991,8 հազար ԱՄՆ դոլար (արտահանում՝ 86 մլն 25,1 հազար դոլար): Իրանի հետ 2016 թվականի հունվար-հուլիսի այն կազմել է 136 մլն 980,5 հազար ԱՄՆ դոլար (42 մլն 18,1 հազար դոլարի արտահանում), ցուցանիշը նվազել է 12,1 տոկոսով:
Իրանին 2016 թվականի հունվար-հուլիսին հաջորդում է Բուլղարիան՝ 114 մլն 129,4 հազար ԱՄՆ դոլար (արտահանում՝ 91 մլն 620,4 հազար դոլար). նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն շուրջ երկու անգամ աճել է:
ՀՀ առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հուլիսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ շուրջ 4 անգամ աճել է Լյուքսեմբուրգի հետ, 56 տոկոսով Արաբական Միացյալ Էմիրությունների, 55,4 տոկոսով Ֆինլանդիայի և 52,4 տոկոսով Հունաստանի հետ: 55.3 տոկոսով այն նվազել է Կորեայի Հանրապետության, 43,4 տոկոսով Կիպրոսի և 41,2 Չեխիայի հետ: