Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարություն Բաթումում

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի, կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են«Աղբյուր» պարբերականից:

Հյուրերի կազմում ընդգրկված էին Աջարիայի գործադիր և օրենսդիր մարմինների, Բաթումի քաղաքապետարանի և հայ համայնքի տարբեր ոլորտներում աշխատող բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր իրենց լուման են ներդնում մեր տարածաշրջանի, երկրի կայացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում:

Ընդունելության պաշտոնական մասը ողջույնի խոսքով բացեցին  Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն: Նրանք բոլոր ներկաներին շնորհավորեցին տոնական օրվա առթիվ: Հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրներգերը, որից հետո հայկական կոնյակով և վրացական գինով լի բաժակները հրամցվեցին բոլոր ներկաներին:

Պաշտոնական շնորհավորանքներին հաջորդեցին Ալ.Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնի «Աղբյուր» երգչախմբի (խմբավար՝ Ռուզաննա Հովհաննիսյան), երգչուհի Միլենա Վարդանյանի, երաժիշտներ Ռուբեն Ուսնյանի և Հարութ Սեդրակյանի, երգիչներ  Զվիադ Աբեսաձեի, Ջանի Մարգվելաշվիլու, ինչպես նաև «Բաթումի» պետական վոկալ-գործիքային խմբի (գեղ. ղեկ.՝ Թեմուր Դոլիձե)   կատարումները:  Խմբի մենակատար Ճաբուկա Սուրմանիձեն հիանալի կատարեց Երևանի օրհներգ «Էրեբունի-Երևան»-ը:

Տոնական միջոցառման ընթացքում իրենց շնորհավորանքները հղեցին նաև Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի խորհրդարանի նախագահ Ավթանդիլ Բերիձեն, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը, «Վրաստանը մեր տունն է» հայ-վրացական հասարակական կազմակերպության ղեկավար Սահակ Թալիթյանը, Բաթումի պետական համալսարանի կանցլեր (խորհրդի նախագահ)  Ջեմալ Անանիձեն, բանաստեղծներ Վաղթանգ Գլոնտին և  Բելլա Քեբուրիան, Աջարիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ներկա էին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև  Հայաստանի հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառման սկզբին բոլոր ներկաներին իր օրհնանքը հղեց Աջարիայի հայերի հոգևոր առաջնորդ Տեր Արարատ Գումբալյանը, ընդգծելով, որ հայ և վրաց ժողովուրդները անկախության դժվարին ճանապարհն անցել են վաղվա օրվա նկատմամբ հույսով ու հավատով:

«Աղբյուր»-ի խմբագրությունը ևս շնորհավորում է մեր հայրենակիցներին տոնի առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն և հայտնում մեր խորին շնորհակալությունըհարգարժան Սեյրան Բարոյանին՝ հոբելյանական միջոցառման անցկացմանն աջակցելու համար:

Scroll Up