Հայաստանում այսօր շուրջ 40 000 աշակերտի համար կհնչի առաջին դպրոցական զանգը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցներում այսօր կհնչի առաջին զանգը:
«Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի շուրջ 40 000 երեխա, որը մի փոքր ավելին է, քան անցած տարի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2015թ-ին փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը եղել է 39 հազար 246:
Նարինե Հովհաննիսյանը հստակ թիվ չներկայացրեց, թե քանի դպրոց այս տարի այդպես էլ առաջին դասարանցիներ չեն ունենա, սակայն ասաց, որ կլինեն այդպիսի դպրոցներ:
«Սյունիքում այս տարի կլինեն դպրոցներ, որ առաջին դասարանցիներ չեն ունենա, բայց հստակ թիվ չեմ կարող ասել: Իհարկե չեմ կարող ասել, որ միայն Սյունիքում է, հաշվառումից հետո կերևա»,-ասաց նա:
Ի դեպ, Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի կլինի ուսումնական պլանի փոփոխություն: Նախատեսվում է երկրորդ կիսամյակում բեռնաթափել 1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական ծանրաբեռնվածությունը:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նաև ասաց, որ դասերը հիմնականում կլինեն հնգօրյա: «Շատ քիչ տոկոսով ունենք վեցօրյա դպրոցներ, բայց հիմնականում հնգօրյա են»,-ասաց նա: