Շվեդիայում օծվեց հայկական խաչքար

Օգոստոսի 21-ին Շվեդիայի Սեոդերթելիե քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում մեծ տոնակատարությունն էր: Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ եւ ձեռամբ օծվեցին եկեղեցու մկրտության Ս. Ավազանը եւ բակում տեղադրված հրաշակերտ խաչքարը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է armchurch.info կայք-էջը:
Սրբազան հորը` Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի պաշտոնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեցին աղուհացով:
Արարողությանը կազմակերպչական իրենց մասնակցությունն էին բերել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Սկանդինավիայի Փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ինչպես նաեւ հոգեւոր հովիվներ Տ. Նորայր քահանա Գյանջումյանը եւ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Օհան սարկավագ Պետրոսյանը, Սեոդերթելիո հայ եկեղեցական խորհրդի անդամները, բարերարները եւ եկեղեցվո հավատացյալները:
Արարողությանը ներկա էին քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սեոդերթելիո քաղաքապետուհի տիկին Բվել Գոդներ, հյուպատոս Դավիթ Մանուկյանը, Շվեդիո քրիստոնեական փոքրամասնությունների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, բարերարներ Հրաչ Մարությանը, Մելքոն Մելքոնյանը, Սիլվա Հարությունյան, Ջվել Հովհաննիսյանը եւ այլն:
Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը քարոզի մեջ նշեց, որ Սոդերթելիո հայ եկեղեցական համայնքը եւս մեկ ձեռքբերում ունեցավ հոգեւոր կյանքում` խաչքարի եւ ավազանի օծման կապակցությամբ, եւ հորդորեց ամուր մնալ ազգային եւ հոգեւոր ավանդության մեջ: Գերաշնորհ Սրբազանը Սրբալույս Մհուռոնով եկեղեցու մկրտության Ս. Ավազանը օծելուց հետո՝ օծեց ըստ կարգի նաեւ մկրտության սրբապատկերը:
Մկրտության ավազանը եկեղեցուն էր նվիրաբերել Շվեդահայ բարերար տիար Հրաչ Մարությանը: Խաչքարի քանդակագործն է Հայաստանի արվեստագետ Գարեգին Մխիթարյանը:
Շնորհակալական խոսքերով հանդես եկան Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սեոդերթելիո քաղաքապետուհի տիկին Բվել Գոդներ, Շվեդիո քրիստոնեական փոքրամասնությունների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, Ասորի եկեղեցու հոգեւորական տեր Գաբրիել Բարկաշոն:
Հոգեշնորհ Հայր Տիրանը շնորհավորելով սեոդերթելիահայերին խաչքարի օծման առթիվ` իր օրհնութհունը բերեց նախաձեռնող բարերարներին ու եկեղեցական խորհրդին` մաղթելով, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործության խորհուրդ եւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությամբ դառնան մեր աղոթքներն առ Աստված վերառաքողներ` աշխարհի խաղաղության, Սեոդերթելիո հայ եկեղեցական համայնքի հոգեւոր առաջընթացի համար: