Հայ ՏՏ մասնագետները կարող են դրամաշնորհներ ստանալ Ֆրանսիայում ստարտափների համար

Հայ ՏՏ մասնագետները կարող են դրամաշնորհներ ստանալ Ֆրանսիայում ստարտափներ բացելու համար։ Այս մասինNEWS.am –ի թղթակցին ասել է ֆրանսիական Business France պետական գործակալության ռուսաստանյան ներկայացուցչության ներդրումային նախագծերի տնօրեն Ժերոմ Կլոզենը, որը ներկա էր  French Tech Ticket մրցույթի շնորհանդեսին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած շնորհանդեսի ժամանակ հայ  մասնագետներին ներկայացվեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունները։ Դրա հաղթողները Ֆրանսիայի կառավարությունից 45 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ են ստանում ՏՏ ընկերություններ բացելու համար։

«Ֆրանսիան Եվրոպայում նորարարությունների առաջատար է եւ զարգացնում է միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ պատճառով մենք մտածում ենք, որ Հայաստանը նույնպես պետք է մասնակցի French Tech Ticket նախագծին»,– ասել է նա։

Կլոզենի խոսքով՝ դրամաշնորհային աջակցությունն օգնում է ստեղծել 3 հոգուց բաղկացած թիմ եւ օգտագործել բիզնես ինկուբատորների աջակցությունը, որոնք համագործակցում են Business France–ի հետ։ Այնտեղ հնարավոր կլինի խորհրդատվություններ ստանալ տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մարքեթինգի հարցերով։ Այդ ամենը կօգնի ավելի հեշտ գործընկերներ գտնել եվրոպական շուկայում։

«French Tech Ticket–ի առաջին մրցույթը 2015–ին մոտ 1400 դիմում էր ստացել, որոնցից ընտրել էին մոտ 50-ին։ Հայկական ընկերություններ դրանց թվում չկան, սակայն Business France–ը հույս ունի տեսնել այդ ընկերություններն այս տարի»,– ասել է Կլոզենը։

Scroll Up