Կոնգրեսի թուրքական հարցերով հանձնախմբի անդամները պարտվել են ԱՄՆ կոնգրեսի նախնական ընտրություններում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական հարցերով հանձնախմբի անդամներ Ռենդի Ֆորբսը (Հանրապետական, Վիրջինիա) և Ռընեյ Էլմերսը (Հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) պարտվել են համապատասխան նախնական ընտրություններում, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Նրանց պարտությունը հաջորդում է թուրքական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Դոննա Էդվարդսի (Դեմոկրատ, Մերիլենդ) պարտությանը, ով ըստ լրատվամիջոցների հաշվարկների, ավելի քան 26 000 ԱՄՆ դոլար է ստացել թուրքական լոբբիից: Երկու կոնգրեսականներն էլ՝ թե Էդվարդսը, թե Էլմերսը մասնակցել էին Ամերիկայի թուրքական կոալիցիայի (TCA) ֆինանսավորմամբ Թուրքիա կատարած ուղևորություններին:

Բացի այդ, հունիսին Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ դադարեցնում է մասնավոր հովանավորմամբ բոլոր ոչ-գործնական այցելությունները Թուրքիա: Արգելքը դրվել էր Կոնգրեսի Էթիկայի գրասենյակի (OCE) հետաքննության արդյունքում: Վերջինս հայտնաբերել էր, որ ԱՄՆ-ում հիմնված թուրք-ամերիկյան ոչ-առևտրային խմբերի մի ցանց ստել է արտասահմանյան գործուղումների ֆինանսավորման իրական աղբյուրի մասին: OCE-ն կասկածի է ենթարկել այդպիսի կառույցների կողմից հովանավորվող ավելի քան 100 ուղևորություններ: Կոնգրեսականներն Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանն (General Services Administration [GSA]) են հանձնել այդ գործուղումներին ստացած հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ, այդ թվում՝ նեֆրիտե ականջօղեր, թեյի սպասք, մետաքսե շարֆեր, գորգեր և այլն:

Այս կասկածելի ոչ-գործնական այցելությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել, հատկապես հաշվի առնելով ապրիլին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Համագումարն անմեղ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, գլխատման մասին հաղորդմամբ նամակ է հղել թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի անդամներին՝ հորդորելով դադարեցնել նրանց աջակցությունը:

«Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերին զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ անհնար է պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի նույն կերպ վարվել՝ վերջին իրադարձություններին առերեսվելուց հետո», – հայտարարությունն անելիս նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Այդ կերպ վարվելը կնշանակեր հավանության տալ այդպիսի վարքագծին»:

 

Համագումարը կոնգրեսականներին վերստին կոչ է անում դուրս գալ թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ ի պատասխան վերջիններիս պատերազմական գործողությունների: Ավելին, շուտով Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի ծրագրած  2017 ֆինանսական տարվա Պետության և Արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագիծը քննարկելու կապակցությամբ Համագումարը վերստին առաջադրում է իր 9 հիմնական առաջնահերթությունները, ներառյալ օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղին, որը հատկապես անհրաժեշտ է աջակցելու Ղարաբաղին վերակառուցել ապրիլին Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ քանդված տները, ինչպես նաև Հայաստանին լրացուցիչ օգնության տրամադրումը՝ Սիրիայի փախստականների ներհոսքի հետ կապված խնդրի լուծմանն օժանդակելու նպատակով:

Scroll Up