Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես

2016 թվականի հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Է.Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել 2016 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վրոցլավ` մասնակցելու հայկական մշակույթի բացառիկ գլուխգործոցներից մեկի, հայ-լեհական քրիստոնեական արժեքների վրա խարսխված պատմական մշակութային ժառանգության վառ օրինակ հանդիսացող Լվով հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսին: Դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի և Լեհաստանի իշխանություններին, մշակութային կենտրոններին` Լվովի հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, վերջին տարիներին նրանց ջանքերով և ֆինանսական աջակցությամբ իրականացված հսկայածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի նախաձեռնության և կազմակերպման համար:
Վրոցլավում ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո այն կներկայացվի նաև Լեհաստանի այլ քաղաքներում: