Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կորդոբայի հայկական համայնքի պատվիրակությանը

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Արգենտինայի հայկական  պատվիրակությանը, որի կազմում էին Կորդոբայի հայ համայնքի վարչության նախագահ, փաստաբան Էդուարդո Թութուշյանը, փոխնախագահ, ՀՄԸՄ Հարավային Ամերիկայի տարածաշրջանի ներկայացուցիչ Ռուբեն Ավագյանը, համայնքի վարչության անդամներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կորդոբայի մասնաճյուղի, Սբ. Գևորգ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի հիմնադիր, New Docta-Nueva Docta երաժշտական հիմնադրամի նախագահ Լիլիան Բալյան-Մերդինյանը, պրոֆեսոր Աննա Վիրջինիա Ասադուրօղլին, Կորդոբայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ապրիլյան պատերազմի օրերին (և հետո) համահայկական համախմբման մասը դառնալու, օժանդակության և պատրաստակամության համար: Նա կարևորեց Արգենտինայի հայ համայնքի ազգային նկարագիրը: Նախարարը մասնավորապես նշեց. «Սա ձեր նախարարությունն է, մենք ծառայում ենք ձեզ: Առանձնահատուկ սիրով ու համակրանքով եմ վերաբերվում արգենտինահայերին: Իսկ վերջին շրջանում այդ համակրանքը մի նոր աստիճանի բարձրացավ: Ինչ ազդեցություն եք ունեցել երկրում, որ կարդինալը, Հռոմի Պապ դառնալուց հետո, այդքան ջերմությամբ ու սիրով է լցված մեր ժողովրդի նկատմամբ: Շնորհակալ եմ: Անցյալ տարվա նրա արարքը մեծագույն պարգև էր մեր ժողովրդի համար: Հայ ժողովրդի հանճարեղ զավակին՝ Նարեկացուն մեծարելով ու շնորհելով տիեզերական վարդապետի կոչում, նոր հնչեղություն հաղորդեց հայի կերպարին: Իսկ հայ ժողովրդին ուղղված պապի երեկվա ուղերձում՝ ոչ մի պատահական բառ չկար: Նա շեշտել է, որ ուխտագնացության է գալիս Հայաստան, գալիս է թաթախվելու մեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու մեր ժայռե հավատքի աղբյուրից: Այս երեք օրը մեր երկրում բարեբեր, աստվածային մթնոլորտ է ստեղծելու՝ խաղաղության մթնոլորտ»:

Տեր Հարությունը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. «Մեզ համար պատիվ է լինել այստեղ, մենք հպարտանում ենք ձեզնով: Այսօր մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Հայաստանում ուղեկցելու նպատակով: Մենք նաև Կորդոբայի հայերի հավաքած 10 հազար դոլար օժանդակությունն ենք բերել մեր հայրենակիցներին՝ Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված մարտիկների ընտանիքներին, և ուզում ենք ձեր նախարարության միջոցով հանձնել: Դա մի փոքր սպեղանի է մեր ժողովրդի բաց վերքի վրա, մի փոքր մխիթարություն»:

Scroll Up