Գյումրիում մեծ ոգևորությամբ պատրաստվում են Հռոմի պապի այցին

Հռոմի Պապի Հայաստան այցին ընդառաջ Գյումրիում մեծ ոգևորություն է: Tert.am-ի հետ զրույցում գյումրեցիները փոխանցեցին, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որ այցելության երկրորդ օրը՝ հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելի Գյումրու Վարդանանց հրապարակ, որտեղ կանցկացվի Սուրբ պատարագ:
Tert.am-ի հետ զրույցում գյումրեցի Մարիետա Գևորգյանն ասաց, որ ինքը շատ է ոգևորված Պապի այցելությամբ ու մասնակցելու է Սուրբ պատարագին: «Քաղաքի մեծ մասը մասնակցելու է արարողությանն ու հիմա բոլորը խոսում են միայն դրա մասին, միմյանց հարցնում են, թե որը ինչ մուտքով է մտնելու, որտեղ են կանգնելու, որ ավելի լավ տեսնեն քաղաքում ակտիվությունը»,- նշեց նա:
Քաղաքացի Հերմինե Ջաղացպանյանն էլ ասաց, թե խոսքերով դժվար է փոխանցել՝ ինչ մեծ է ոգևորությունը: «Բոլորը խառնվել են իրար: Մեծ բեմ է պատրաստվում, բոլորը գնում-գալիս խոսում են այդ թեմայով, մի խոսքով՝ բոլորը շունչները պահած սպասում են»,- ասաց Հերմինեն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզի պատասխանատու Կարեն Պողոսյանն էլ միացավ գյումրեցիների ոգևորությանը, ասաց, որ Գյումրու համար միջոցառումը շատ կարևոր է ակտիվություն հաղորդելու, այլև՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
«Չեմ հիշում, թե քաղաքում վերջին անգամ երբ էր նման մեծ եռուզեռ եղել: Բնակչությունը սպասում է և ոչ միայն բնակչությունը: Հետաքրքրությունը շատ մեծ է, այնքան, որ հյուրեր ենք ունենում, հյուրանոցներում տեղ չկա, որ մարդկանց տեղավորենք, ազատ համարներ չկան, ընդհուպ բնակարանները, որոնք վարձակալությամբ էին տրվում, այլևս ազատ չեն»,- նշեց Կարեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հոգևոր հզոր առաջնորդի այցելությունը Գյումրի կարող էր ավելի պատրաստված լինել, Պապին դիմավորեին հարդարված, հարթ փողոցներով: Միաժամանակ, Պողոսյանը նշեց, որ Հռոմի Պապի այցելությունը տոնի է նմանվել, Ամանորի պես մարդիկ հարդարվում են, նոր վերնաշապիկներ են գնում: