Հայ լինելը` մասնագիտություն

Հունիսի 9-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի գերմանաբնակ հայ խեցեգործ և նկարիչ Նոնա Գաբրիելյանի ցուցահանդեսը: «Երկնքի ու երկրի միջև» կոչվող միջոցառումը ներկայացնում է նկարչուհու` քսան տարիների ընթացքում ստեղծված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Սա Նոնա Գաբրիելյանի երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում: Նա արդեն երկար տարիներ ապրում է Գերմանիայում, որտեղ ստեղծագործելուց բացի զբաղվում է նաև դասավանդելով:
2014թ.նկարչուհին իր հետ Հայաստան բերեց իր գերմանացի աշակերտներին: Այդ այցը խորը տպավորություն թողեց հյուրերի վրա, ինչի արդյունքում էլ ծնվեց, «Հայաստանն իմ աչքերով» նախագիծը, որն իր մեջ ներառում էր մոտ 10000 լուսանկարներ, ջրաներկով արված աշխատանքներ և գծանկարներ: 2014թ. դեկտեմբերին «Հայաստանն իմ աչքերով ցուցահանդեսը» անց է կացվել Վիսբադենում: Գրանցված հաջողությունից հետո որոշվել է այն իրականացնել նաև Հայաստանում:
«Հայ լինելը մասնագիտություն: Ես այս համոզմանն եմ եկել իմ փորձից ելնելով: 23 տարի է, ինչ ապրում եմ Գերմանիայում, ապրում եմ որպես նկարիչ: Իմ աշակերտները սրտանց ուզում էին իմանալ իմ երկրի մասին: Երևի տասը տարի տևեց մինչև նրանք հասունացան: Փորձեցի լավագույնը ցույց տալ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեին Հայաստանի մասին: 6 օր նրանք ճամփորդեցին և սիրեցին իմ երկիրը և նկարեցին: Ինչպես ցանկացած զբոսաշրջիկ՝ նրանք անվերջ նկարում էին, բայց այդ ամենն այնքան մեծ տպավորություն թողեց իրենց վրա, որ նրանք որոշեցին ցուցահանդես ստեղծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Նոնա Գաբրիելյանը:
Ասուլիսին ներկա Ռենատա Բայելը արդեն երրորդ անգամ է Հայաստանում. «Իմ պատկերացումը Հայաստանի մասին ձևավորել է Նոնան իր պատմություններով: Առաջին անգամ այստեղ եղա 2006 թվականին: Այստեղ լինելով առաջին անգամ` ես հասկացավ, որ հայկական մշակույթը պահպանվել է նախնական տեսքով: Սակայն Հայաստանի կարևորագույն արժեքը մարդիկ են: Բոլորը շատ բաց և բարի են այստեղ»,- Ankakh.com-ի փոխանցմամաբ՝ նշեց գերմանուհին:
Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ: